Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) աշխատակիցների կենսաթոշակային ապահովության կարգավորումներում՝ սահմանելով կենսաթոշակի չափը հաշվարկելու համար անհրաժեշտ ծառայության ստաժում հաշվառվող ժամանակահատվածները։ Առաջարկվում է նաև ԱՀԾ-ն սահմանել որպես իր ծառայողների կենսաթոշակ, միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության և թաղման նպաստ նշանակող իրավասու մարմին։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխությունների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Ի՞նչ է նախատեսվում
2026 թվականի մայիսի 7-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-225-Ն օրենքը։
Դրանով Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց համար կենսաթոշակի իրավունք է սահմանվել, եթե պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրանք ունեն առնվազն 20 տարվա ծառայության ստաժ։
Միաժամանակ ԱՀԾ ծառայողների պաշտոնները ներառվել են օրենքի հավելվածով սահմանված համապատասխան ցանկում, ինչի արդյունքում այդ պաշտոններում 10 օրացուցային տարի պաշտոնավարած անձինք 65 տարին լրանալու դեպքում ևս կենսաթոշակի իրավունք կստանան։
Ինչպե՞ս կհաշվարկվի ծառայության ստաժը
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ՝ գործող կարգավորումներում «մասնագիտական ստաժ» հասկացությանը զուգահեռ ավելացնելով նաև «ծառայության ստաժ» ձևակերպումը։
Առանձին կետով կսահմանվեն այն ժամանակահատվածները, որոնք կհաշվարկվեն ԱՀԾ ծառայողների ծառայության ստաժում և հիմք կհանդիսանան կենսաթոշակի չափը որոշելու համար։
Գործող կարգավորմամբ մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածների շարքում ներառված են, մասնավորապես, դատախազությունում, քննչական մարմիններում և ոստիկանության հետաքննության բաժնում աշխատելու ժամանակահատվածները։
Ո՞ր մարմինն է նշանակելու կենսաթոշակը
Նախագծով առաջարկվում է Արտաքին հետախուզության ծառայությունը սահմանել իր ծառայողների կենսաթոշակի, միանվագ դրամական օգնության, հուղարկավորության նպաստի և թաղման նպաստի նշանակման իրավասու մարմին։
Հիմնավորման համաձայն՝ այս առաջարկը պայմանավորված է ինչպես այլ պետական մարմիններում գործող նմանատիպ պրակտիկայով, այնպես էլ ԱՀԾ գործունեության առանձնահատկություններով։
Մասնավորապես՝ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով ծառայության կառուցվածքի, հաստիքացուցակի և անվանացանկի վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք, իսկ ծառայողների և նրանց աշխատանքային հարաբերություններին վերաբերող տեղեկությունները՝ սահմանափակ օգտագործման ենթակա։
Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել նաև կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ՝ կենսաթոշակի նշանակման և հետագա վճարումների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն Արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցների ծառայության ստաժի հաշվարկման առանձնահատկությունները, ինչպես նաև կենսաթոշակ և համապատասխան նպաստներ նշանակող իրավասու մարմինը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունմամբ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Նշենք, որ խոսքը կառավարության որոշման նախագծի մասին է։ Հետևաբար՝ առաջարկվող կարգավորումները դեռևս գործող իրավական նորմեր չեն։