Արամ Մնացականովը դարձել է «20-ամյակի ռեստորատորներ» անվանակարգի դափնեկիր

Պետերբուրգում ապրող ռեստորատոր, Probka Family ռեստորանային խմբի հիմնադիր Արամ Մնացականովը «Что Где Есть в Петербурге» — 2026 մրցանակաբաշխության «20-ամյակի ռեստորատորներ» անվանակարգի 20 դափնեկիրներից մեկն է, հայտնում է «Собака.ru»
ամսագիրը։

Արարողությունն անցել է հոկտեմբերի 24-ին Պետերբուրգի «Գրանդ հոթել Եվրոպա» հյուրանոցի պարահանդեսների դահլիճում։

Այս անվանակարգի դափնեկիրներին ընտրել է ամսագրի խմբագրությունը՝ ժողովրդական քվեարկությունից դուրս։ Մրցանակի պատմության մեջ խմբագրությունն առաջին անգամ է անվանակարգի դափնեկիրներ նշանակում։ Ամսագրի հիմնավորմամբ՝ Մնացականովն իր ռեստորանների շուրջ ստեղծել է քաղաքի ամենանվիրված համայնքներից մեկը։

Probka-ի առաջին գինու բարը նա բացել է 2001 թվականին՝ Բելինսկու փողոցում։ Այսօր նրա ռեստորաններից են Da Manu-ն և իտալա-լևանտյան Mina-ն, որը գործում է Պետերբուրգում, Մոսկվայում և Երևանում, իսկ շուտով կբացվի նաև Թբիլիսիում։ 2025 թվականին նա Իտալիայում բացել է Sea, Signora ծովամթերքի ռեստորանը։ Այս տարի Probka-ն նշել է 25-ամյակը. Մոսկվայում գործարկվել է ժամանակավոր պոպ-ափ, իսկ ռեստորանը ներառվել է Wine Spectator-ի միջազգային ցուցակում։

Մրցանակաբաշխության մյուս անվանակարգերի եզրափակիչ փուլի թեկնածուներին ընտրել է ժողովրդական քվեարկությունը՝ ավելի քան 114 հազար ձայնով, իսկ հաղթողներին՝ փորձագիտական խորհուրդը։

Leave a Comment