Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Նարեկ Հարությունյանը, Հրայր Ալիխանյանն ու Մանվել Խնձրցյանը հոկտեմբերի 31-ին պարտվել են մեկնարկային գոտեմարտերում, հայտնում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW)։
74 կգ քաշային Հարությունյանը զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ինալբեկ Շերիևին, իսկ 79 կգ քաշային Ալիխանյանը՝ նույն երկիրը ներկայացնող Իսմայիլ Խանիևին։ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը 1/8 եզրափակչում 7-8 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Աբուբաքար Մութալիևին: Մինչ այդ նա 1/16 եզրափակչում ժամանակից շուտ առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Մինհյոկ Յունի նկատմամբ։
Հայ ըմբիշները սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու և բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն կստանան, եթե իրենց հաղթած մրցակիցները հասնեն եզրափակիչ։
Հայաստանի հավաքականն ազատ ոճի աշխարհի առաջնությունում արդեն մեկ մեդալ է նվաճել։ Հոկտեմբերի 30-ին 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել էր աշխարհի փոխչեմպիոն՝ եզրափակչում 1։9 հաշվով պարտվելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ 20-ամյա Բո Բասեթին։ Թևանյանը նվաճել էր Հայաստանի առաջին մեդալն ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի այս առաջնությունում։
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունն Աստանայում մեկնարկել է հոկտեմբերի 24-ին և կավարտվի նոյեմբերի 1-ին։
