Ինչու՞ են մեծահասակ սփյուռքահայերը Հայաստան գալիս. Կարեն Հեքիմյան

Հիմնականում ինչու՞ են մեծահասակ սփյուռքահայերը Հայաստան գալիս:

Հայաստանում երկքաղաքացիությունը թույլատրված է օրենքի ուժով: Ընդ որում, ազգությամբ հայ, օտարերկրյա քաղաքացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով՝ առանց Հայաստանում երեք տարի բնակվելու և հայերենի իմացության պահանջի։ Ըստ այդմ, երբ մոտենում է թոշակի տարիքը, սփյուռքահայերի զգալի հատվածին Հայրենիքը սկսում է «ձգել»:

Վերջիններս գալիս են Հայաստան, քաղաքացիություն ստանալու մասին դիմում են գրում: Անձնագիրը ստանալուց անմիջապես հետո, Հայաստանի հազարավոր «նորընծա» քաղաքացիները վազում են Սոցիալական ծառայության տարածքային բաժիններ և թոշակ ձևակերպում: Հիմնականում այսքանով Հայրենիքի նկատմամբ նրանց «սերն» ավարտվում է:

Հաջորդ օրը «նորընծաները» լքում են Հայաստանը և ուղիղ մեկ տարի` մինչև մեկ տարվա թոշակը ստանալը, Հայրենիքը «սիրում են» դրսից: Հայաստանից թոշակ «կորզելու» օպերացիայի առաջատարներն իրանահայերն են, քանզի Իրանը Հայաստանին մոտ է, գալը` մատչելի: Օպերացիան իրավաչափ է, սակայն ազնիվ չէ:

Ստացվում է, որ Հայաստան երբևէ չայցելած, հայերեն չիմացող, սակայն ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու համար Հայաստանը սահմանել է նույն իրավունքները, որոնք սահմանված են Հայաստանում ծնված, մեծացած, ողջ կյանքը Հայաստանի համար ծառայած, հարկեր և տուրքեր վճարած քաղաքացիների համար:

ՍԱ ԱԶՆԻՎ ՉԷ:

ՀԳ. Վերջերս Հայաստանում սկսեց նոր օրենք գործել: Ըստ այդմ, Հայաստանից որոշ ժամանակ բացակայած քաղաքացիները զրկվում են քվեարկության իրավունքից:

Փաստորեն, Հայաստանում ընդհանրապես չապրելով կարելի է թոշակ ստանալ, իսկ մի քանի ամիս բացակայելու դեպքում` զրկվել քվեարկության իրավունքից:

Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ

Leave a Comment