
Մոնղոլիայի բնապահպանները միացել են Հայաստանում Ամուլսարի դեմ պայքարող բնապահպաններին, որոնք համաժողովի մեկնարկից սկսած օգտագործում են տարբեր հնարավորություններ՝ բողոքի ակցիաներ, ստորագրահավաքներ, պանելային քննարկումներ, Ամուլսարի հանքավայրի բացասական ազդեցության մասին ներկայացնելու համար։
Մի շարք օրենքներ են խախտվում, ասում է Ջերմուկ համայնքի ներկայացուցիչ, Գնդեվազի բնակիչ, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը։ Նա իր ելույթում անդրադարձավ Ջերմուկ համայնքի այն ահռելի ռեսուրսներին, որոնք այսօր վտանգված են։

Երկար տարիներ Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվող էկոլոգ, իրավապաշտպան Նազելի Վարդանյանն էլ COP17-ի շրջանակում կայացած պանելային քննարկման ընթացքում բարձրաձայնեց մտահոգող հարցը՝ ի՞նչ կլինի Սևանա լճի հետ, երբ շահագործվի հանքավայրը։
Քննարկման մասնակից Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ արձագանքեց՝ Սևանա լիճ թափվող ջրերի թունավորման վտանգ չի տեսնում։
Այս օրերի քննարկումների արդյունքում, նաև COP17-ի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերից 105 քաղհասարակության կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով շրջանառությունից հանել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից առաջարկվող ընդերքօգտագործման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ոլորտներին առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Ըստ հայտարարության՝ նախագիծը վտանգում է տեղական ժողովրդավարությունը և սահմանափակում համայնքների իրավունքները՝ ի նպաստ հանքարդյունաբերական բիզնեսի։