Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով։
Գիտաժողովին ներկա են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, հայագիտության ոլորտում մասնագիտացող գիտնականներ և ուսանողներ:
«Գիտաժողովը նվիրված էր Աճառյանի գիտական ժառանգության արժևորմանը և հայ լեզվաբանության զարգացման գործում նրա նշանակալի ավանդին։ Աճառյանի ուսումնասիրությունները հայոց լեզվի ծագման, պատմության, բարբառների և այլ լեզուների հետ առնչությունների վերաբերյալ կարևոր ներդրում են ունեցել ոչ միայն հայագիտության, այլև լեզվաբանական համաշխարհային գիտության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ:
Նշենք, որ նախօրեին էլ տեղի է ունեցել Երևանի Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Միջոցառումների շարքը կեզրափակվի «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով։ Կհնչեն հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ։
ԿԳՄՍՆ
Կարդացել են
15 անգամ