90 կողմ, 8 ձեռնպահ․ Խորհրդարանը վավերացրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ի նիստում քննարկել է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Խաղաղության խորհրդի ստեղծման կանոնադրությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է 2026 թվականի հունվարի 22-ին՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում՝ որպես հիմնադիր անդամ։ Խորհրդի ստեղծման գաղափարը քննարկվել էր դեռևս 2025 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի ունեցած Մերձավոր Արևելքի գագաթնաժողովի ընթացքում։ Iravaban.net-ը տեղեկանում է ԱԺ-ից։

Նախարարի տեղեկացմամբ Խաղաղության խորհուրդն այժմ ունի 28 անդամ։ Խորհրդի կանոնադրության համաձայն՝ անդամակցությունը սահմանվում է երեք տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Խաղաղության խորհրդի մանդատը բխում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևից։

Սահմանված է կամավոր նվիրատվությունների ձևաչափ։ Հայաստանը դեռևս նվիրատվություն չի կատարել։

Անդրադառնալով կառույցին Հայաստանի անդամակցության նշանակությանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև Հայաստան-Ամերիկա երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ Նախարարի խոսքով Խաղաղության խորհուրդը կոչված է աշխարհի տարբեր անկյուններում հաստատել խաղաղություն ու նպաստել դրա ամրապնդմանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հռիփսիմե Գրիգորյանը։ Հարակից զեկուցողը նշել է, որ 11 երկիր վավերացրել է փաստաթուղթը, և այն արդեն ուժի մեջ է մտել։

Հարցի քննարկումն ընդհատվել է ելույթների փուլում։ Փաստաթղթի վերաբերյալ քննարկումը շարունակվել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին։

Նախագծին կողմ քվեարկեց 90, ձեռնպահ՝ 8 պատգամավոր։ Վավերացմանը կողմ քվեարկեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները։ «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ մնաց։

Leave a Comment