Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հոկտեմբերի 22-ին հրապարակված՝ «Աննա Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 79920/17) վճռով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում՝ անկողմնակալ դատարանի իրավունքի առնչությամբ։ Iravaban.net-ը ուսումնասիրել է համապատասխան որոշումը։
Գործը վերաբերում էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի երկու դատավորների ինքնաբացարկի միջնորդության մերժմանը։ Դիմումատուն պնդել էր, որ դատավորները կարող էին կողմնակալ լինել իր նկատմամբ, քանի որ տարիներ առաջ նրա ամուսնու ներկայացրած բողոքի հիման վրա նրանց նկատմամբ կարգապահական տույժեր էին կիրառվել։
ՄԻԵԴ-ը չի հաստատել, որ դատավորներն անձամբ կողմնակալություն են դրսևորել։ Խախտումն արձանագրվել է այն պատճառով, որ ինքնաբացարկի միջնորդությունը քննելիս պատշաճ կերպով չեն գնահատվել այն հանգամանքները, որոնք կարող էին օբյեկտիվ դիտորդի մոտ հիմնավոր կասկած հարուցել դատարանի անկողմնակալության վերաբերյալ։
Գործի հանգամանքները
Դիմումատուի դեմ հարուցվել էր քաղաքացիական գործ՝ փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու հիմքով։ 2016 թվականի մայիսի 26-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճիռ էր կայացրել նրա դեմ։
Դիմումատուն բողոքարկել էր այդ վճիռը, և Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2016 թվականի օգոստոսի 10-ին վարույթ էր ընդունել բողոքը՝ միաժամանակ բավարարելով պետական տուրքի վճարումը հետաձգելու նրա միջնորդությունը։
Դատավորների ինքնաբացարկի միջնորդությունը
2017 թվականի հունվարի 13-ին դիմումատուն միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով, որ գործի քննությանը մասնակցող երեք դատավորներից երկուսը՝ Կ.Կ.-ն և Տ.Ն.-ն, ինքնաբացարկ հայտնեն։
Միջնորդության հիմքում այն հանգամանքն էր, որ 2011 թվականի հունիսի 3-ին այդ երկու դատավորների նկատմամբ կարգապահական տույժեր էին կիրառվել Արդարադատության խորհրդի կողմից՝ դիմումատուի ամուսնու ներկայացրած բողոքի հիման վրա։ Ամուսինը տվյալ գործի հետ կապ չունեցող մեկ այլ գործով հանդես էր եկել որպես փաստաբան։
Դիմումատուն նշել էր նաև, որ Կ.Կ. դատավորի նկատմամբ դա մեկ տարվա ընթացքում կիրառված երկրորդ կարգապահական տույժն էր, իսկ երրորդ տույժը կարող էր հանգեցնել նրա լիազորությունների դադարեցմանը։
Դիմումատուի դիրքորոշմամբ՝ թեև իր ամուսնու՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու փաստն ինքնին պարտադիր չէր նշանակի, որ դատավորները կողմնակալ կլինեին իր նկատմամբ, սակայն ամուսնական սերտ կապը կարող էր օբյեկտիվորեն հիմնավոր կասկածներ առաջացնել նրանց անկողմնակալության վերաբերյալ։
2017 թվականի հունվարի 16-ին երկու դատավորներն առանձին որոշումներով մերժել էին ինքնաբացարկի միջնորդությունը։
Նրանք նշել էին, որ դիմումատուն ավելի քան հինգ ամիս սպասել էր՝ նախքան միջնորդություն ներկայացնելը, և այդ հանգամանքը գնահատել էին որպես իրենց վրա անթույլատրելի ազդեցություն գործադրելու, ճնշելու կամ ահաբեկելու փորձ։
Դատավորները հղում էին կատարել այդ ժամանակ գործող՝ 2007 թվականի փետրվարի 21-ի Դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, որը որպես ինքնաբացարկի հիմք նախատեսում էր դատավորի կողմնակալությունը դատավարության կողմի, նրա ներկայացուցչի կամ պաշտպանի, ինչպես նաև դատավարության այլ մասնակցի նկատմամբ։
Նրանց մեկնաբանությամբ՝ օրենքում կիրառված «կողմնակալ է» ձևակերպումը չէր կարող մեկնաբանվել որպես «կարող էր կողմնակալ լինել»։ Դատավորները նշել էին նաև, որ դիմումատուի կասկածները տեսական բնույթ են կրում, քանի որ իրենց վարքագծում չեն եղել նրա կամ նրա ամուսնու նկատմամբ թշնամանքի կամ կանխակալ վերաբերմունքի դրսևորումներ։
Նրանք ընդգծել էին, որ օրենքը չի նախատեսում դատավորի ինքնաբացարկը միայն դատավարության կողմի ընտանիքի անդամի նկատմամբ ենթադրյալ կողմնակալության հիմքով, քանի որ այդ անձը տվյալ գործի մասնակից չի եղել։
Ինքնաբացարկի միջնորդության մերժման որոշումները բողոքարկման ենթակա չէին։
Վերաքննիչ դատարանի որոշումը և գանգատը ՄԻԵԴ-ում
2017 թվականի հունվարի 26-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել էր դիմումատուի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Դատարանը նաև չէր բավարարել դիմումատուի միջնորդությունը՝ ուսումնասիրելու ձայնագրություն պարունակող CD սկավառակը, որը, նրա պնդմամբ, հաստատում էր պարտքի վճարման փաստը։
Դիմումատուն այնուհետև վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ ի թիվս այլ հարցերի բարձրացնելով նաև դատավորների ինքնաբացարկի միջնորդության մերժման հարցը։ 2017 թվականի մայիսի 3-ին Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելը մերժել էր՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Ինչպե՞ս է ՄԻԵԴ-ը գնահատել դատավորների անկողմնակալությունը
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը յուրաքանչյուրին երաշխավորում է իր քաղաքացիական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վեճի արդար քննության իրավունքը՝ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից։
ՄԻԵԴ-ի ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ դատավորի անկողմնակալությունը գնահատվում է երկու չափանիշով։
Սուբյեկտիվ չափանիշը վերաբերում է տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին․ մասնավորապես՝ արդյոք առկա են ապացույցներ, որ նա կոնկրետ գործով անձնական կանխակալ վերաբերմունք կամ կողմնակալություն է դրսևորել։
Օբյեկտիվ չափանիշը վերաբերում է նրան, թե արդյոք դատարանի կազմը և գործի հանգամանքները բավարար երաշխիքներ են ապահովում՝ բացառելու անկողմնակալության վերաբերյալ հիմնավոր կասկածները։ Այս գնահատման ընթացքում կարևոր է նաև այն, թե իրավիճակն ինչպես կընկալեր ողջամիտ և տեղեկացված արտաքին դիտորդը։
Այսպիսով, դատավորի ինքնաբացարկի անհրաժեշտությունը միշտ չէ, որ կախված է նրա իրական կողմնակալությունն ապացուցելու հնարավորությունից։ Որոշ հանգամանքներ կարող են օբյեկտիվորեն հիմնավոր կասկած առաջացնել նույնիսկ այն դեպքում, երբ դատավորի անձնական կանխակալ վերաբերմունքի ապացույցներ չկան։
Դատավորների ինքնաբացարկի վերաբերյալ ազգային իրավական կանոնները նույնպես կարևոր երաշխիք են․ դրանց նպատակը ոչ միայն իրական կողմնակալությունը բացառելն է, այլև դատարանի անկողմնակալության նկատմամբ հանրային վստահությունը պահպանելը։
Ի՞նչ խնդիր արձանագրեց ՄԻԵԴ-ը
ՄԻԵԴ-ը նշել է, որ գործի նյութերում չկան տվյալներ, որոնք վկայեն, թե երկու դատավորները դիմումատուի կամ նրա ամուսնու նկատմամբ անձնական կանխակալ վերաբերմունք են դրսևորել։ Հետևաբար, Դատարանը չի հաստատել դատավորների սուբյեկտիվ կողմնակալությունը։
Սակայն ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննելիս դատավորները հարցը դիտարկել էին միայն սուբյեկտիվ չափանիշի տեսանկյունից։ Նրանք կենտրոնացել էին այն հանգամանքի վրա, թե արդյոք իրենց վարքագծում առկա է եղել թշնամանք կամ անձնական կանխակալ վերաբերմունք, բայց պատշաճ կերպով չէին գնահատել օբյեկտիվ չափանիշը։
Դատարանն առանձնացրել է մի քանի կարևոր հանգամանք։
Այդ ժամանակ գործող Դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում էր, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե իրեն հայտնի են այնպիսի փաստեր կամ հանգամանքներ, որոնք կարող են օբյեկտիվորեն հիմնավորված կասկած առաջացնել իր անկողմնակալության վերաբերյալ։ Նույն մասի 1-ին կետը որպես ինքնաբացարկի հիմքերից մեկը նշում էր դատավորի կողմնակալությունը դատավարության կողմի, նրա ներկայացուցչի կամ պաշտպանի կամ դատավարության այլ մասնակցի նկատմամբ։
Այս ընդհանուր կանոնը կարևոր է, քանի որ ինքնաբացարկի հարցը չէր սահմանափակվում միայն դատավորի անձնական թշնամանքը կամ իրական կողմնակալությունն ապացուցելով։
ՄԻԵԴ-ը նշել է, որ օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից դիմումատուի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու հիմքում կանգնած անձի ամուսինը լինելու հանգամանքն ինքնին բավարար էր նրանց անկողմնակալության վերաբերյալ կասկածներ առաջացնելու համար։
Կասկածներն առավել նշանակալի էին այն պատճառով, որ վիճարկվող անկողմնակալության հարցը վերաբերում էր երեք դատավորներից երկուսին։ Նրանցից մեկը նաև նախագահում էր դատական կազմը։ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի համաձայն՝ նույնիսկ մեկ դատավորի անկողմնակալության վերաբերյալ իրական հիմքերով կասկածը կարող է հարցականի տակ դնել ամբողջ դատական կազմի անկողմնակալությունը։
Թեև դատավորները որոշումներ էին կայացրել առանձին-առանձին, դրանց հիմնավորումները գրեթե նույնական էին և, ՄԻԵԴ-ի գնահատմամբ, բավականին սխեմատիկ։ Դրանք բավարար չափով չէին անդրադառնում դիմումատուի ներկայացրած փաստարկներին, հատկապես՝ ամուսնական կապի նշանակությանը և այն հարցին, թե ինչ տպավորություն կարող էր ստեղծվել անկողմնակալության վերաբերյալ օբյեկտիվ դիտորդի մոտ։
Դատարանը նաև նշել է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը, որն ավարտվում է տույժի կիրառմամբ, կարող է լուրջ ազդեցություն ունենալ նրա անձնական և մասնագիտական կյանքի վրա և համապատասխան հանգամանքներում հիմք դառնալ անկողմնակալության վերաբերյալ հիմնավորված կասկածների համար։
ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ դիմումատուն պարտավոր չէ ապացուցել դատավորի իրական կողմնակալությունը․ օբյեկտիվ անկողմնակալության հարցում բավարար է ներկայացնել այնպիսի փաստեր, որոնք կարող են օբյեկտիվորեն հիմնավորված կասկածներ առաջացնել։
Դատարանի եզրակացությամբ՝ ինքնաբացարկի միջնորդության մակերեսային քննությունը չէր փարատել դիմումատուի՝ դատավորների անկողմնակալության վերաբերյալ մտահոգությունները։
Ի՞նչ է նշել ՄԻԵԴ-ը ինքնաբացարկի քննության ընթացակարգի մասին
ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուն առանձին փաստարկ չէր ներկայացրել հենց ինքնաբացարկի միջնորդության քննության ընթացակարգի անկողմնակալության վերաբերյալ։ Այդ պատճառով Դատարանը այդ հարցը չի քննել որպես ինքնուրույն խախտման հիմք։
Միաժամանակ ՄԻԵԴ-ը նշել է, որ ներպետական օրենսդրությունը, ըստ երևույթին, չէր նախատեսում ո՛չ ինքնաբացարկի միջնորդությունը վիճարկվող դատավորներից տարբերվող դատավորների կողմից քննելու, ո՛չ էլ հենց այդ դատավորների կողմից միջնորդությունը մերժելու որոշման դեմ սովորական վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորություն։
Այս դիտարկումը պետք է տարբերակել վճռի հիմնական եզրահանգումից․ ՄԻԵԴ-ը խախտումն արձանագրել է այն պատճառով, որ դատավորները պատշաճ կերպով չէին գնահատել օբյեկտիվ անկողմնակալության վերաբերյալ կասկածները, այլ ոչ թե ինքնաբացարկի ընթացակարգի վերաբերյալ առանձին խախտում հաստատելու հիմքով։
ՄԻԵԴ-ի վճիռը և փոխհատուցումը
ՄԻԵԴ-ը միաձայն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։
Դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին երեք ամսվա ընթացքում վճարել 3,600 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, դրա նկատմամբ հաշվարկվող հարկերը։
Եթե սահմանված եռամսյա ժամկետում վճարումը չկատարվի, ժամկետի ավարտից մինչև վճարման օրը գումարի նկատմամբ հաշվարկվելու է պարզ տոկոս՝ Եվրոպական կենտրոնական բանկի այդ ժամանակահատվածի սահմանային վարկավորման տոկոսադրույքի և երեք տոկոսային կետի հանրագումարի չափով։
Դիմումատուն նաև պահանջել էր 57,000 ԱՄՆ դոլար՝ նյութական վնասի հատուցման համար։ ՄԻԵԴ-ը մերժել է այդ պահանջը՝ նշելով, որ չի կարող պատճառահետևանքային կապ տեսնել արձանագրված խախտման և պահանջված նյութական վնասի միջև։ Դատարանը չի կարող ենթադրել, թե ինչ արդյունք կունենար ներպետական գործը, եթե այն քննվեր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի բոլոր երաշխիքների պահպանմամբ։
Միաժամանակ ՄԻԵԴ-ը նշել է, որ խախտման արձանագրումը կարող է հիմք ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման համար։ Սակայն դա ինքնաբերաբար չի նշանակում, որ դատական ակտը պարտադիր կվերանայվի կամ որ վերանայման արդյունքում գործով անպայման այլ որոշում կկայացվի։
Դիմումատուն դատական և այլ ծախսերի հատուցման պահանջ չէր ներկայացրել, ուստի ՄԻԵԴ-ն այդ մասով փոխհատուցում չի սահմանել։