ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ քննարկման առարկա են երկու փաստաթուղթ՝ 2025 թվականի օգոստոսին նախաստորագրված խաղաղության պայմանագիրը և TRIPP-ի համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչու TRIPP-ի իրագործումը չի նախատեսվում խաղաղության հաստատումից հետո։
«Ի՞նչն է խանգարում, եթե ի սկզբանե լիներ խաղաղությունը, որից հետո՝ TRIPP-ը»,- հարցրել է պատգամավորը։
Նա նաև հիշեցրել է սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ նշելով, որ այն ևս առանձին գործընթացով է իրականացվել, սակայն, իր գնահատմամբ, գործնականում սահմանազատում կատարվել է միայն մեկ հատվածում, որից հետո գործընթացը չի շարունակվել։
«Դրանից հետո այն չի շարունակվել։ Չի շարունակվել, գիտե՞ք՝ դրա մի պարզ պատճառաբանություն կա՝ ինչո՞ւ չի շարունակվում։ Որովհետև դա Ադրբեջանն է։ Դա մի քսենոֆոբիայի մեջ տառապող պետություն է, որի հետ մենք ազնիվ խաղաղություն ենք ուզում, բայց որոնք Սաֆարովներ են փառաբանում»,- հայտարարել է Վարդևանյանը։
Պատգամավորը նաև քննադատել է այն հանգամանքը, որ, իր խոսքով, Ադրբեջանը շարունակում է նախապայմաններ ներկայացնել Հայաստանին, այդ թվում՝ Սահմանադրությունը փոխելու պահանջը։
«Արդյոք նպատակահարմար է հերթականությունը փոխել այն պարագայում, երբ հստակ է, որ իրենք կարծում են, որ Հայաստանի Հանրապետության հետ կարող են հիմա էլ դեռևս այսքան պարկեշտ, զիջողական կամ այլ ձևակերպումներով վարքագծի պայմաններում նախապայմաններ դնել, ասել՝ ձեր Սահմանադրությունը փոխեք»,- ասել է նա։
Անդրադառնալով համաձայնագրի՝ միայն Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին վերաբերելու պնդմանը՝ Վարդևանյանը նշել է, որ փաստաթղթում անդրադարձ կա նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապին։
«Այո, խոսվում է նրա մասին, որ TRIPP-ը բացառապես Հայաստան-ԱՄՆ իրավահարաբերության մասին է, բայց սա կիսաճշմարտություն է որոշակի իմաստով»,- նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ երկու պետությունների միջև համաձայնագրի նախաբանում անդրադարձ է կատարվում նաև երրորդ պետության՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովմանը։
«Նախաբանում գրված է, որ մենք պետք է անխոչընդոտ, այսպես ասած, ճանապարհը ապահովենք Ադրբեջանի և Նախիջևանի կապի համար։ Դուք երկու պետությունների միջև նման պայմանագիր չեք գտնի, որտեղ երրորդ պետության ամենակարևոր հարցին անդրադարձ կատարվի»,- ասել է Վարդևանյանը։
Նա նաև անդրադարձել է TRIPP-ի համաձայնագրի իրավական ձևակերպումներին՝ նշելով, որ փաստաթուղթը բաղկացած է շուրջ 3000 բառից, մինչդեռ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ TRIPP-ին անդրադարձել է ընդամենը 38 բառով։
«TRIPP-ը ընդհանուր առմամբ շուրջ 3000 բառից է բաղկացած՝ բավականին բարդ իրավական կոնստրուկցիաներով։ Սահմանադրական դատարանը 38 բառով է անդրադարձել TRIPP-ին»,- հայտարարել է Արամ Վարդևանյանը։
