25 Հոկտեմբերի 2026, 17:20
Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ ասիական արվեստի Asia NOW – Paris Asian Art Fair ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում, ներկայացվում է սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադի ստեղծագործությունը։
Մուրադը ծնվել է Քամիշլիում, կրթություն ստացել Երևանում, իսկ այժմ ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում։ Նա հայտնի է իր գեղանկարչական ինստալյացիաներով և live drawing՝ կենդանի նկարչության յուրօրինակ տեխնիկայով, որի միջոցով երաժշտական համերգների ընթացքում՝ իրական ժամանակում, ստեղծում է մեծածավալ կտավներ։
Նկարիչը երկար տարիներ համագործակցում է թավջութակահար Յո-Յո Մայի հիմնադրած «Silkroad Ensemble» անսամբլի հետ։ Նրա ելույթները հյուրընկալել են այնպիսի հեղինակավոր հաստատություններ, ինչպիսիք են Քարնեգի Հոլը և Մետրոպոլիտեն թանգարանը։ Նրա նշանավոր աշխատանքներից է «Sound of Stone» նախագիծը, որը ստեղծվել է Նյու Յորքում կազմակերպված «Armenia!» ցուցահանդեսի համար։ Գևորգ Մուրադը նաև մասնակցել է «Հայկական ոդիսական» մուլտիմեդիա նախագծի ստեղծմանը՝ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի և թավջութակահար Նարեկ Ախնազարյանի հետ։
Վարպետի ստեղծագործության առանցքային թեմաներն են հայկական ժառանգությունը, պատմական հիշողությունը, տան կերպարն ու մշակութային ինքնության պահպանումը։ Այս թեմաները նա համադրում է ժամանակակից գրաֆիկայի և երաժշտության հետ՝ ստեղծելով արվեստի ինքնատիպ ու բազմաշերտ արտահայտչամիջոցներ։