Սյունիքի զորամասի գազամատակարարման ենթակառուցվածքը կհանձնվի «Գազպրոմ Արմենիային»

Սյունիքի մարզի Լիճք և Տաշտուն համայնքներին հարակից զորամասի գազամատակարարման ենթակառուցվածքը նախատեսվում է անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։ Գազաֆիկացման և գազաբաշխիչ կայանի կառուցման աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 140 մլն դրամ։

Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է գույքը Պաշտպանության նախարարությունից հետ վերցնել, ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին և անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Բնապահպանական նկատառումներից ելնելով, Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել ՀՀ Սյունիքի մարզի Լիճք համայնքում տեղակայված զորամասի կաթսյատան շահագործման համար կատարել վառելիքի փոփոխություն՝ վառելափայտի փոխարեն ընտրել բնական գազը:

Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա իրականացվել են ՀՀ Սյունիքի մարզի չգազաֆիկացված Լիճք և Տաշտուն համայնքներին հարակից զորամասի գազաֆիկացման և գազաբաշխիչ կայանի կառուցման աշխատանքներ, որի համար ծախսվել է  140,743.776 (հարյուր քառասուն միլիոն յոթ հարյուր քառասուներեք հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:

Նշված աշխատանքների շրջանակներում իրականացվել են նաև գազամատակարարման հանգույցների միացման և անհրաժեշտ փականների տեղադրման աշխատանքներ:

Գազամատակարարման ապահովումը հնարավոր է իրագործել, եթե գազաբաշխիչ կայանի ու գազատարի սպասարկումը և շահագործումն իրականացվի  «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից, որով պայմանավորված է ներկայացված որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

ՀՀ կառավարության որոշման նախագծով լուծվում է ենթակառուցվածքը «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը անհատույց օգտագործմանը հանձնելու հարցերը: Ենթակառուցվածքները անհատույց օգտագործմանը հանձնելն անհրաժեշտ է՝ այդ համակարգով գազամատակարարում իրականացնելու համար։

Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող գույքը հետ վերցնել Պաշտպանության նախարարությունից և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, այնուհետև գույքն, անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2022թ. հուլիսի 14-ի N 1063-Լ որոշմամբ հաստատված պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարության 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բարեփոխումների ռազմավարության նպատակի ապահովման հետ, ի դեմս՝ պետական գույքի կառավարման ոլորտում անհարկի վարչարարության վերացման, կառավարման առանձին ոլորտներում իրականացվող կանոնակարգման պարզեցման, որոշումների ընդունման ժամկետների կրճատման, կառավարման օպերատիվության և արդյունավետության մակարդակի բարձրացման:

 

Leave a Comment