Վիեննայում նոյեմբերին նախատեսված միջազգային փառատոնին Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատան միջամտությունից հետո, հայտնել է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն։
Կազմակերպությունը հրապարակել է նաև Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկու հետ նամակագրության սքրինշոթները։
ՀԿ-ի տվյալներով՝ համույթները պաշտոնական հրավեր էին ստացել և շուրջ երեք ամիս պատրաստվել փառատոնին։ Հոկտեմբերի 21-ին կազմակերպիչները հայտնել են նրանց մասնակցությունը չեղարկելու մասին։
Դրան հաջորդած նամակագրության ընթացքում Ստրեզովսկին հայտնել է, որ դեսպանատնից ստացված գրության մեջ արցախյան մշակութային խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր», և առաջարկվել է չեղարկել նրանց մասնակցության հրավերը։
Հոկտեմբերի 23-ին WOFA-ի նախագահը պարզաբանել է, որ, իր տեղեկություններով, մի քանի դեսպանատներ միջամտել են՝ համույթներին վերագրելով «անջատողական գործունեություն» և առաջարկելով նրանց չհրավիրել փառատոնին։
Հրապարակված սքրինշոթներից մեկում Ստրեզովսկին գրում է, որ սա WOFA-ի գործունեության 15 տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ ասոցիացիան նման տեղեկություն է ստանում դեսպանատներից։ Նա նաև խոստացել է մանրամասները պաշտոնապես ուղարկել էլեկտրոնային փոստով։
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» Ստրեզովսկուց պահանջել է հայտնել միջամտած դեսպանատների անունները և ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը։ ՀԿ-ի հաղորդագրության պահին այդ մանրամասները դեռ չէին ստացվել։
Կազմակերպությունը մերժել է արցախցի արվեստագետներին ուղղված մեղադրանքները և հայտնել, որ արդեն դիմել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ միջամտության հանգամանքները պարզաբանելու նպատակով։
