Քիմ Քարդաշյանը բացահայտել է՝ ինչու էր ուզում հրաժարվել նոր ֆիլմից – armeniatoday.am

Ամերիկահայ դերասանուհի և գործարար Քիմ Քարդաշյանը մտածել է հրաժարվել «Հինգերորդ անիվը» (The Fifth Wheel) կատակերգությունում նկարահանվելուց՝ «Ամեն ինչ արդար է» (All’s Fair) սերիալում իր դերասանական խաղի վերաբերյալ բացասական արձագանքներից հետո։

Այս մասին գրել է People-ը՝ հղում անելով հոկտեմբերի 22-ին թողարկված «Քարդաշյանները» (The Kardashians) ռեալիթի շոուի դրվագին։ «Հինգերորդ անիվը» կատակերգության ռեժիսորը Եվա Լոնգորիան է։ Ֆիլմում նկարահանվում են նաև Բրենդա Սոնգը և Ֆորչուն Ֆեյմսթերը։

Քարդաշյանի խոսքով՝ քննադատություններից հետո ինքը պատրաստ էր դուրս գալ նախագծից՝ չցանկանալով վնասել ֆիլմի հեղինակներին։

«Ասացի՝ ամեն ինչ հասկանում եմ, կարող եմ ամբողջությամբ դուրս գալ նախագծից, մի անհանգստացեք։ Ուզում եմ հարգանք դրսևորել․ գուցե իսկապես այդպես ավելի լավ կլինի։ Չէի ուզենա, որ մարդիկ մտածեն՝ ահա, ստիպված ենք նրա հետ աշխատել, պատրաստվեք, քննադատները մեզ կոչնչացնեն»,- պատմել է նա։

Այնուամենայնիվ, բացասական արձագանքները Քարդաշյանին դրդել են ավելի մեծ ջանքեր գործադրել նոր ֆիլմում։ Նա խոստովանել է, որ անհանգստացել է նաև իր հետագա դերասանական կարիերայի համար։

«Մտածեցի՝ եթե այս ֆիլմում էլ վատ խաղամ, դրանով ինձ համար ամեն ինչ կավարտվի»,- ասել է Քարդաշյանը։

Քարդաշյանը պատմել է, որ կատակերգությունում նկարահանվելու գաղափարն առաջարկել է իր գործակալ Բրեդ Սլեյթերը։ Վերջինս դիմել է սցենարիստ և պրոդյուսեր Փաուլա Փելին՝ Քարդաշյանի մասնակցությամբ նախագիծ ստեղծելու առաջարկով։

«Գործակալս՝ Բրեդն ասաց՝ դու անպայման պետք է նկարահանվես կատակերգությունում, դու, ընդհանուր առմամբ, զվարճալի ես, պարզապես մարդիկ դա չգիտեն»,- պատմել է նա՝ մեջբերելով գործակալի խոսքը։

Դերասանուհին հավելել է, որ չնայած սկզբնական անհանգստություններին՝ հաճույք է ստացել նկարահանումներից։

Ավելի վաղ Քարդաշյանը հեգնանքով էր արձագանքել «Ամեն ինչ արդար է» սերիալի քննադատություններին։ Instagram-ում նա հրապարակել էր հեռուստադիտողների բացասական մեկնաբանությունների սքրինշոթներ՝ գրելով. «Արդեն դիտե՞լ եք տարվա ամենաբարձր գնահատված սերիալը»։

«Ամեն ինչ արդար է» սերիալում Քարդաշյանը մարմնավորում է ամուսնալուծության գործերով փաստաբան Ալլուրա Գրանթին։ Երկրորդ եթերաշրջանի թողարկումը Hulu հարթակում նախատեսված է նոյեմբերի 4-ին։

Քարդաշյանը հոկտեմբերի 21-ին դարձել է 46 տարեկան։ Նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայազգի ամերիկացի փաստաբան էր։ Քարդաշյանը բազմիցս այցելել է Հայաստան, իսկ 2019 թվականին իր երեխաներին մկրտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Leave a Comment