Հայաստանում 2026 թվականի երրորդ եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացված 18 նոր դատական հայցից 13-ը ներկայացրել են պետական մարմիններն ու կազմակերպությունները և դրանց ներկայացուցիչները, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին ասվում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության (ԽԱՊԿ) երրորդ եռամսյակային վերաբերող զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ հուլիս-սեպտեմբերին լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացված հայցերի թիվը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 6-ով՝ 12-ից հասնելով 18-ի։ Բոլոր հայցերը վերաբերում են վիրավորանքին և զրպարտությանը։ Մեկ հայց ներկայացրել է նախկին պաշտոնյա, երկուսը՝ գործարարներ, ևս երկուսը՝ քաղաքացիներ։
ԽԱՊԿ-ն նույն ժամանակահատվածում արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտման 32 դեպք, որոնցից 20-ը՝ տարատեսակ ճնշումներ, 12-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։ Ֆիզիկական բռնության դեպքեր չեն գրանցվել։ Երկրորդ եռամսյակում կոմիտեն արձանագրել էր իրավունքների խախտման 43 դեպք, որից մեկը՝ ֆիզիկական բռնություն։
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 12 դեպքից հինգում պետական կառույցները չեն պատասխանել լրագրողների գրավոր հարցումներին, հինգ դեպքում անհիմն մերժել են տեղեկության տրամադրումը, ևս երկու դեպքում տվել են թերի պատասխաններ։
Կոմիտեն անդրադարձել է նաև հուլիսի 27-ին հաստատված՝ Ազգային ժողովի (ԱԺ) անվտանգության կանոններին։ ԽԱՊԿ-ի գնահատմամբ՝ դրանք լրագրողների համար սահմանում են «անընդունելի արգելքներ և նախապայմաններ»՝ պահպանելով դեռևս 2021 թվականին ներդրված սահմանափակումները։
Կանոնների համաձայն՝ հավատարմագրված լրագրողները խորհրդարանական հանձնաժողովների նիստերին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ։ Նրանց ցուցակը պետք է նիստից առնվազն երկու ժամ առաջ ներկայացվի ԱԺ գլխավոր քարտուղարին։ Արգելվում է նաև ծառայողական պարտականությունները կատարելիս Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին լուսանկարել կամ տեսագրել։
Միաժամանակ ԽԱՊԿ-ն արձանագրել է, որ սահմանափակումներից շատերն առայժմ գործնականում չեն կիրառվում։ Խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողները կոմիտեին հայտնել են, որ ներկայումս ԱԺ շենքում ավելի ազատ են տեղաշարժվում, քան նախորդ գումարման ժամանակ։ Կոմիտեն, սակայն, խնդրահարույց է համարում այդ սահմանափակումների՝ իրավական ուժի մեջ մնալը։
ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների հարցը բարձրացվել էր նաև 2021 թվականին։ Մարդու իրավունքների այն ժամանակվա պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ անվտանգության կանոններով լրագրողների աշխատանքի սահմանափակումներն անընդունելի են, և առաջարկել էր վերանայել դրանք՝ լրագրողների մասնակցությամբ։
