Ֆրանսիայում գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ ավիավթարի հետևանքով զոհվել են երկրի Ռազմաօդային և տիեզերական ուժերի երկու զինծառայող՝ փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը և լեյտենանտ Քանթեն Կլիզը, հայտնում է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը։
Նրանց Mirage 2000D ինքնաթիռը կործանվել է Մյորտ և Մոզել դեպարտամենտի Ռոժևիլ բնակավայրի շրջանում հոկտեմբերի 20-ին՝ տեղի ժամանակով մոտ 22։40-ին։ Անձնակազմը գիշերային ուսումնական թռիչք էր կատարում Նանսի-Օշե ավիաբազայի «Շամպայն» 2/3 կործանիչ էսկադրիլիային կցված ինքնաթիռով։ Ինքնաթիռի հետ ռադիոկապը և ռադիոլոկացիոն կապը կորցնելուց հետո ռազմական որոնողափրկարարական ստորաբաժանումները տեղական արտակարգ ծառայությունների հետ սկսել են անձնակազմի որոնումները։
44-ամյա փոխգնդապետ Սարգսյանը զբաղեցնում էր նավավարի՝ սպառազինության համակարգերի սպայի պաշտոնը և 2022 թվականից ղեկավարում էր «Սյուիպ» ավիացիոն պոլիգոնը։ Նա ուներ առաջատար նավավարի որակավորում, ուներ 2200 ժամ թռիչք և կատարել էր 55 մարտական առաքելություն։ Ծառայության ընթացքում մասնակցել էր Աֆղանստանում, Մալիում, Նիգերում, Սուդանում և Չադում իրականացված գործողություններին։
27-ամյա լեյտենանտ Կլիզը Mirage 2000D-ով վերապատրաստվում էր մարտական օդաչուի որակավորում ստանալու համար։ 2025 թվականի օգոստոսից նա ծառայում էր «Արդեններ» 3/3 կործանիչ էսկադրիլիայում։ Նրա թռիչքային ժամերը կազմում էին 450։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը և Ռազմաօդային և տիեզերական ուժերի շտաբի պետ, գեներալ Ժերոմ Բելանժեն ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին, հարազատներին և ծառայակիցներին։ Կործանման պատճառները կպարզվեն թռիչքների անվտանգության և դատական հետաքննությունների ընթացքում։
Mirage 2000D-ն ֆրանսիական երկտեղանի մարտական ինքնաթիռ է, որը նախատեսված է հիմնականում ցամաքային թիրախներին հարվածելու համար։ Անձնակազմը բաղկացած է օդաչուից և սպառազինության համակարգերի օպերատոր-նավավարից։ Այս մոդիֆիկացիայի ինքնաթիռները կիրառվել են Ֆրանսիայի արտերկրյա ռազմական գործողություններում։
