Կառավարությունն առաջարկում է 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից 2.4 մլրդ դրամ հատկացնել հիպոթեքային վարկերի սպասարկման համար վճարված տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի գործընթացն ապահովելու նպատակով։ Նախատեսվում է նաև ֆինանսավորում հատկացնել Պետական եկամուտների կոմիտեի տեսանկարահանման համակարգի սպասարկմանը, սահմանային անցակետերի պոմպերի, անվտանգության սարքավորումների և աշխատավարձերի հաշվարկման ծրագրի ձեռքբերմանը։
Iravaban.net–ը «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու մասին նախագիծը։
Ինչո՞ւ է լրացուցիչ գումար հատկացվում հիպոթեքային վարկերի տոկոսների վերադարձին
Նախագծի հիմնավորման համաձայն՝ հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի ծավալը 2026 թվականին աճել է։ Կանխատեսվում է, որ տարվա ընթացքում վերադարձվող գումարների ընդհանուր չափը կգերազանցի պետական բյուջեով նախատեսված միջոցները։
2026 թվականի առաջին եռամսյակում վերադարձված գումարների ծավալը կազմել է 26 մլրդ 228.9 մլն դրամ, երկրորդ եռամսյակում՝ 25 մլրդ 541 մլն դրամ։ Երրորդ եռամսյակի համար կանխատեսվել է 26 մլրդ 882.6 մլն դրամ, իսկ չորրորդ եռամսյակի համար՝ 27 մլրդ 904.2 մլն դրամ։
Այսպիսով՝ 2026 թվականին վերադարձվող գումարների ընդհանուր ծավալը կանխատեսվում է շուրջ 106 մլրդ 556.7 մլն դրամ, մինչդեռ պետական բյուջեով նախատեսված է 102 մլրդ 156.8 մլն դրամ։
Տարբերությունը կազմում է 4.4 մլրդ դրամ։ Այդ գումարից նախագծով առաջարկվում է 2.4 մլրդ դրամ հատկացնել 2026 թվականի հոկտեմբեր ամսվա անհրաժեշտությունը բավարարելու համար։ Մնացած 2 մլրդ դրամի հատկացման հարցը նախատեսվում է ներկայացնել մինչև տարեվերջ՝ ձևավորված պահանջին համապատասխան։
ՊԵԿ-ի տեսանկարահանման համակարգի սպասարկման համար՝ 88.8 մլն դրամ
ՊԵԿ-ում հարկային և մաքսային վերահսկողության, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով օգտագործվում են աշխատակիցների հագուստին ամրացվող Motorola ընկերության տեսագրման սարքեր։
Համակարգը գործում է 2024 թվականից։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ օգտագործվող սարքավորումների և ծրագրային ենթահամակարգերի արտոնագրերի ժամկետներն ավարտվել են, ուստի անհրաժեշտ է դրանք վերակտիվացնել։
Տեսանկարահանումների գրանցման, պահպանման և մշակման համակարգի անխափան աշխատանքն ապահովելու համար նախատեսվում է հատկացնել 88.8 մլն դրամ՝ մեկ տարի ժամկետով։ Գումարը նախատեսվում է վերաբաշխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի միջոցներից։
Բագրատաշենի և Բավրայի անցակետերի համար նոր պոմպեր կգնվեն
ՊԵԿ-ի Բագրատաշենի և Բավրայի սահմանային անցակետերի ջրամատակարարումն ապահովող խորքային հորերի պոմպերի մի մասը շահագործվում է ավելի քան 10 տարի։ Ըստ նախագծի հիմնավորման՝ սարքավորումները մաշված են, պարբերաբար խափանվում են և կարող են ջրամատակարարման ընդհատումներ առաջացնել։
Խնդիրը լուծելու համար նախատեսվում է ձեռք բերել 4 նոր խորքային հորի պոմպ։
- Մեկ պոմպի գնահատված արժեքը՝ 1.2 մլն դրամ։
- Չորս պոմպի ընդհանուր արժեքը՝ 4.8 մլն դրամ։
Անվտանգության սարքավորումների և աշխատավարձերի հաշվարկման ծրագրի ձեռքբերում
ՊԵԿ-ի վարչական շենքերից մեկի համար նախատեսվում է ձեռք բերել մուտքի և ելքի վերահսկման սարք՝ 500 հազար դրամ արժողությամբ։
Բացի այդ, Խորենացի 3 և 7 հասցեներում գործող ներքին անվտանգության տեսահսկման համակարգի համար նախատեսվում է ձեռք բերել նոր մոնիտորներ՝ 2.9 մլն դրամ արժողությամբ։ Հիմնավորման համաձայն՝ ներկայումս օգտագործվող մոնիտորները ֆիզիկապես և բարոյապես մաշված են, հաճախ են խափանվում։
Նախատեսվում է նաև 1.2 մլն դրամ հատկացնել ՊԵԿ-ի աշխատակիցների աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկման համար ՀԾ ծրագրի համապատասխան մոդուլի ձեռքբերմանը։ Մինչ այժմ այդ գործընթացն իրականացվել է ներքին ռեսուրսներով՝ անհատական տեղային ծրագրի միջոցով։
Որտեղի՞ց կտրամադրվեն միջոցները
Նախագծով նախատեսվում է ՊԵԿ-ի «Հարկային և մաքսային ծառայություններ» ծրագրի շրջանակում միջոցառումների միջև կատարել 9.4 մլն դրամի վերաբաշխում՝ առաջացած տնտեսումների հաշվին։
Բացի այդ, 88.8 մլն դրամ կվերաբաշխվի թվային փոխակերպման ծրագրից, իսկ 2.4 մլրդ դրամ կհատկացվի կառավարության հարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստային ֆոնդից։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ընդհանուր ծավալներում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։