Հայ ծագում ունեցող ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի ֆիլմը Ֆրանսիայում դուրս է եկել վարձույթ

Ֆրանսիայում հոկտեմբերի 21-ին մեկնարկել է հայկական ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի «Կինն այսօր» (Une femme aujourd’hui) ֆիլմի վարձույթը։ Սեպտեմբերին ֆիլմն արժանացել էր Europa Cinemas Label մրցանակին՝ Վենետիկի կինոփառատոնի Giornate degli Autori ծրագրի շրջանակում, հայտնում է ծրագրի կայքը։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկում, իսկ մի քանի օր անց այն ցուցադրվել է ԱՄՆ-ում անցկացվող Հայկական կինոփառատոնում։

Սյուժեի կենտրոնում Ժյուլիետն է՝ ֆինանսական ոլորտի հաջողակ մասնագետ։ Մասնագիտական ձեռքբերումներով, շքեղությամբ և ճանապարհորդություններով լի նրա կյանքն արտաքինից իդեալական է թվում, սակայն հերոսուհին ներքին դատարկություն է զգում։ Գործընկերոջ հարձակումից հետո նա սկսում է կյանքի նոր իմաստ և այլ ուղի փնտրել։

Europa Cinemas Label մրցանակը շնորհվում է եվրոպական ֆիլմերին՝ դրանց վարձույթին աջակցելու նպատակով։ Այն նախատեսում է ֆինանսական և գովազդային աջակցություն՝ օգնելով ֆիլմերին Europa Cinemas կինոթատրոնների ցանցի միջոցով հասնել ավելի լայն լսարանի։

Ռոբեր Գեդիգյանը ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է, որը հայտնի է սոցիալական խնդիրների և բանվոր դասակարգի կյանքի մասին ֆիլմերով։ Նրա բազմաթիվ աշխատանքներ կապված են Մարսելի հետ, որտեղ նա ծնվել և մեծացել է։

Հայկական թեմային ռեժիսորը նվիրել է «Ճանապարհորդություն Հայաստան» (2006) և «Խենթ պատմություն» (2015) ֆիլմերը, որոնք անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը և դրա հետևանքներին հաջորդ սերունդների համար։

Leave a Comment