Անկլավների  փոխանակո՞ւմ. վերլուծաբանների կարծիքներ Երեւանից եւ Բաքվից

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անկլավների ու էքսկլավների խնդիրը հավասար չափի տարածքներ փոխանակելով լուծելու վարչապետ Փաշինյանի առաջարկը որոշակի արձագանք է գտել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակներում: Ռուսական «Կավկազսկի ուզել» ցանցային հրատարակությունը հանդես է եկել այս մասին հետաքրքրական ծավալուն հրապարակմամբ, որտեղ ներկայացվում են երկու կողմերի մի քանի  վերլուծաբանների արձագանքներ այդ գաղափարին: Ընդսմին, ինչպես նշվում է նախաբանում, Հայաստանում հարցված քաղաքագետներն այն միանշանակ չեն ընդունել՝ նշելով խնդրի հետ կապված իրավական բարդություններն ու անվտանգության ռիսկերը: Ադրբեջանցի վերլուծաբանները գաղափարը ռացիոնալ  են համարել, բայց դեմ են Արծվաշենը Հայաստանին թողնելուն:

Գնահատականներ Հայաստանից. իրատեսական գաղափարից մինչեւ սպառնալիքներ պաշտպանության ոլորտին

Քաղաքագետ Միքայել Զոլյանը անկլավների փոխանակումն իրատեսական է կոչել եւ նշել է տարածաշրջանային նախադեպեր: «Տարածքային փոխանակումը լիովին իրագործելի է, եւ միջազգային պրակտիկայում կան բազմաթիվ նման օրինակներ: Նույնիսկ հետխորհրդային տարածքում մենք համեմատաբար վերջերս տեսել ենք այդպիսի գործընթացներ Կենտրոնական Ասիայում՝ Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի, ինչպես եւ Տաջիկստանի ու Ղրղըզստանի միջեւ: Ընդսմին վերջին դեպքում սկզբում  ռազմական բախումներ են եղել, բայց ի վերջո կողմերը համաձայնության են եկել»,- ասել է նա:

Երկու երկրների օրենսդրությունն էլ ընդհանուր առմամբ թույլ է տալիս նման քայլ կատարել, բայց կարող է հանրաքվե անհրաժեշտ լինել, պարզաբանել է Զոլյանը: Սա, ըստ նրա, անհրաժեշտ է, որպեսզի որոշումը ստանա վերջնական լեգիտիմություն երկու կողմերից էլ եւ ապագայում կասկածի տեղիք չտա», – հավելել է նա:

Փոխանակումը չի վտանգում TRIPP-ը, կարծում է քաղաքագետը: Ինչ մնում է հայ հասարակության արձագանքին, ապա անկլավների պատմական անկլավային կարգավիճակով փոխանցումը շատ ավելի բացասական կընկալվի, քան դրանց «հայելային» փոխանակումը: Եթե որեւէ խնդիր առաջանա, պետությունը կարող է փոխհատուցում վճարել:

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ տարածքների փոխանցումը կպահանջի բարդ սահմանադրական ընթացակարգերի հաղթահարում: «Իրավական տեսանկյունից՝ փոխանակման ընթացակարգը երկու երկրներից էլ կպահանջի  հանրաքվեների անցկացում կամ սահմանազատման բարդագույն ձևակերպումների որոնում: ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն, հանրապետության տարածքի որեւէ փոփոխություն որոշվում է բացառապես հանրաքվեով, ինչը պարունակում է էական ներքաղաքական ռիսկեր: Նույն կերպ  Ադրբեջանի Սահմանադրության 11-րդ հոդվածն ամրագրում է տարածքի անբաժանելիությունը եւ պետական   սահմանների փոփոխություններ կատարել թույլ է տալիս միայն համաժողովրդական քվեարկության միջոցով: Քվեարկությունից  խուսափելու համար իշխանությունները ստիպված կլինեն այս գործընթացը մեկնաբանել ոչ թե որպես հողերի օտարում, այլ որպես միջպետական   սահմանի տեխնիկական ճշտում եւ սահմանազատում՝ համաձայնեցված քարտեզների հիման վրա»,- ասել է նա:

Փոխանակման հիմնական խոչընդոտներն են սահմանամերձ գյուղերի բնակիչների զգայուն արձագանքը, անվտանգությունը, ջուրը եւ արոտավայրերը կորցնելու նրանց մտավախությունը, մասնավոր սեփականության դիմաց փոխհատուցման անհրաժեշտությունը եւ միջպետական   մայրուղիների, ինչպես օրինակ՝ Երեւան-Մեղրի ճանապարհի տեղափոխումը, նշել է Ստեփանյանը: «Խաղաղ եւ ինստիտուցիոնալացված տարածքային փոխանակումն ինքնին չի վտանգում ԹՐԻՓՓ նախագիծը, այլ ծառայում է որպես դրա տրամաբանական երաշխիք: Տարանցման հետ կապված ռիսկեր կառաջանան միայն այն դեպքում, եթե գործընթացը ձգձգվի, զանգվածային բողոքի ցույցեր հրահրի երկրների ներսում, կամ եթե անկլավների հարցն օգտագործվի որպես պատրվակ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հետաձգելու համար, ստեղծելով ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք»,- եզրափակել է քաղաքագետը:  

Քաղաքագետ Արտակ Խաչիկյանն էլ համոզված է, որ սահմանազատման քողի տակ միակողմանի զիջումները խաթարում են Հայաստանի պաշտպանունակությունը: «Այսպես կոչված անկլավները հանձնելու մասին որեւէ խոսակցություն ուղիղ քայլ է դեպի ազգային աղետ եւ Հայաստանի ռազմական լոգիստիկայի ոչնչացում: Բաքվի կողմից թելադրված այս հարցի միակողմանի քննարկումը իշխանությունների կողմից վտանգում է Երեւանը երկրի հարավի եւ Իրանի հետ կապող հիմնական ռազմավարական մայրուղիները, ինչպես նաեւ Վրաստան տանող ճանապարհները: Անկլավների փոխանակումը խաղաղ գործընթացի պատրանք է, որը Բաքուն օգտագործում է որպես գործիք իշխող բարձունքների եւ կարեւորագույն հանգույցների անարյուն գրավման համար: Հանձնել ռազմավարական դիրքերը  հանուն կասկածելի նախագծերի, ինչպիսին են օրինակ «Թրամփի միջանցքը» կամ ապաշրջափակումը, պետական   ինքնիշխանության ուղղակի խաթարում են»,- ասել է նա ռուսական լրատվամիջոցին:  

Խաչիկյանի կարծիքով, նման գործողություններն օրինական ուժ չունեն. խորհրդային վարչական քարտեզները մշակվել են կենտրոնի շահերից ելնելով՝ առանց հաշվի առնելու Հայաստանի ինքնիշխան իրավունքները:  «Չի կարելի խոսել անկլավների եւ տարածքային փոխանակումների մասին, երբ Ադրբեջանն ինքը շարունակում է օկուպացնել 2021-2022 թվականների ագրեսիայով Հայաստանից գրավված ինքնիշխան տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր: Ոչ մի հանրաքվե կամ զիջումների լեգիտիմացում ժողովրդի աչքում չի արդարացնի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների հանձնումը: Եթե իշխանությունները որոշեն հանձնել այդ տարածքները սահմանազատման կամ լոգիստիկ նախագծերի իրականացման պատրվակով, դա ոչ միայն կհանգեցնի խոր ներքաղաքական ճգնաժամի, այլեւ Հայաստանին վերջնականապես կզրկի ինքնապաշտպանության հնարավորությունից»,- նշել է Խաչիկյանը:

Գնահատականներ Ադրբեջանից. գաղափարը ռացիոնալ է, բայց Արծվաշենը՝  վիճահարույց

«Թուրան» գործակալության վերլուծական ծառայության խմբագիր Շահին Հաջիեւը մասնավորապես նշել է, թե Փաշինյանն իր այդբովանդակ հայտարարություններում չի ներկայացրել քարտեզներ, հողատարածքերի չափսեր կամ փոխանակման սխեմաներ:  «Հստակ չէ՝ արդյոք ենթադրվում է կապող տարածքների փոխանցո՞ւմ, տեղամասերի ուրվագծերի փոփոխությո՞ւն, թե՞ որեւէ այլ մեխանիզմ:

Երեւանի վերահսկողության ներքո, ընդգծել է վերլուծաբանը, ավելի շատ ադրբեջանական տարածք կա, քան Բաքվի վերահսկողության ներքո՝ հայկական: Նա նշել է Ղազախի շրջանի Յուխարի Ասկիպարա, Բարխուդարլի եւ Սոֆուլու գյուղերը, որոնք հայկական վերահսկողության ներքո են անցել 1990-ականների սկզբին, եւ  Նախիջեւանի Սադարակի շրջանի «Քյարքի» գյուղը: Յուխարին, Ասկիպարան եւ Քյարքին առանձին անկլավներ են, մինչդեռ Բարխուդարլին եւ Սոֆուլուն կազմում են մեկ անկլավ:

Ըստ Հաջիեւի, փոխանակման գաղափարը ռացիոնալ է: «Երբ անկլավները մնում են, անհրաժեշտ է լուծել տրանսպորտային հաղորդակցության, սահմանային անցման ընթացակարգերի եւ վերադարձող բնակչության անվտանգության ապահովման հարցերը, հաշվի առնելով, որ նրանք շրջապատված կլինեն այն երկրի բնակիչներով, որի հետ իրենց պետությունը վերջերս հակամարտության մեջ է եղել»,- ասել է նա:

Իսկ Արծվաշենը Հայաստանինը պահելու Փաշինյանի առաջարկը վերլուծաբանին   ոչ ռացիոնալ է թվում: «Այս գյուղը խորապես խրված է Ադրբեջանի տարածքի մեջ՝ Գետաբեկի շրջանում: Բացի այդ, այն բարձրլեռնային տարածք է՝ բարդ տեղանքով: Հայկական սահմանից մինչեւ գյուղի կենտրոն հեռավորությունը 7-8 կիլոմետր է. եթե ամենամոտ հայկական գյուղից ճանապարհ կառուցվի, էլի այդքան էլ կլինի»,- ասում է Հաջիեւը: Տարածքների փոխանակում, նրա կարծիքով, նպատակահարմար է անել առանց խորացնելու սահմանագծի ծուռումուռությունները, այլ դրանք ուղղելով:

Մասնագետը Արծվաշենի օրինական փոխանցումը Ադրբեջանին համարում է լավագույն լուծումը. դա կպահպաներ Գետաբեկի շրջանի հեռավոր գյուղերի եւ շրջկենտրոնի միջեւ հաղորդակցությունը: Դրա դիմաց Հայաստանը կարող է ստանալ Ղազախի շրջանում գտնվող Յուխարի Ասկիպարա գյուղը: Այն Երեւանի համար  հատկապես կարեւոր է, քանի որ մոտերքով է անցնում Վրաստան տանող գլխավոր ավտոմայրուղին: Հայաստանը կկարողանար իրեն պահել Քյարքի (հայկական անունը՝ Տիգրանաշեն) գյուղը, որով անցնում է Երեւանից Իրան տանող ճանապարհը:

Սոֆուլու եւ Բարխուդարլի գյուղերն էլ, Հաջիեւի կարծիքով, պետք է մնան Ադրբեջանին, իսկ Հայաստանը պետք է զիջի դրանք երկրի մնացած մասին կապող տարածքները:

Ադրբեջանի Եվրոինտեգրման ազգային կոմիտեի անդամ Թողրուլ Ջուվարլին կարծում է, որ հարցը կարելի է լուծել նաեւ առանց հանրաքվեի: Քանի որ խոսքը փոքր սահմանային տարածքների մասին է, սահմանագիծը կարող է որոշվել սահմանազատման եւ սահմանագծման միջոցով, ձեւակերպվել միջպետական   համաձայնագրով եւ վավերացվել Ադրբեջանի խորհրդարանի կողմից:

Այն գյուղերի բնակիչները, որոնց տարածքները կանցնեն այլ պետության, կարող են փոխհատուցում ստանալ պետությունների կողմից, հավելել է Ջուվարլին:  

Ադրբեջանցի վերլուծաբանը վկայակոչել է պետությունների միջեւ վեճերի կարգավորման հարցում տարածքային փոխանակումների նախադեպեր՝ Իսրայելի եւ  Եգիպտոսի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ կնքված համաձայնագրերը:

Երկու փորձագետներն էլ հայտարարել են, թե տարածքային փոխանակումը չի ազդի ԹՐԻՓՓ նախագծի վրա. անկլավային գյուղերը գտնվում են սահմանի բոլորովին այլ հատվածներում:

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Leave a Comment