Լոնդոնի Ազգային ծովային թանգարանից 17-րդ դարի քարտեզ գողացած բրիտանացին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է Սքոթլանդ Յարդի մամուլի ծառայությունը։
Հանցագործությունը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարի 26-ին։ Այդ օրը Լոնդոնի բնակիչ Մելվին Ուեսթն այցելել է թանգարանի գրադարան, որտեղ պահվում է ծովային թեմայով աշխարհի ամենամեծ արխիվը։ Կեղծ անունով ընթերցողական քարտ ներկայացնելով՝ նա խնդրել է 1684 թվականին հրատարակված ատլասը։
Ավելի ուշ գրադարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ շուրջ 350 տարվա հնության ատլասը վնասվել է․ դրա 12 քարտեզներից մեկը՝ «Նոր աշխարհի քարտեզը» (Nova Orbis Tabula), անհետացել էր։ Այն ստեղծել էր նիդեռլանդցի քարտեզագիր Ֆրեդերիկ դե Վիտը։
Ուեսթը քարտեզը կտրել էր փոքր դանակով, որը հետագայում հայտնաբերվել էր սեղաններից մեկի տակ՝ հատակին։ Նա քարտեզը թաքցրել էր հագուստի տակ և հեռացել թանգարանի տարածքից, որը գտնվում է Լոնդոնի Գրինվիչ շրջանում։
Ուեսթը ձերբակալվել է 2025 թվականի մարտի 4-ին՝ Բրիտանիայի մայրաքաղաքի արևելքում գտնվող իր տանը։ Դատավարության ընթացքում 73-ամյա տղամարդն ընդունել է իր մեղքը գողության, գույքը դիտավորյալ վնասելու և սառը զենք պահելու համար։
Նրան նաև 10 տարով արգելվել է առանց հսկողության գտնվել Անգլիայի և Ուելսի որևէ թանգարանի կամ գրադարանի ընթերցասրահում։
Սքոթլանդ Յարդում նշել են, որ Ուեսթը նախկինում բազմիցս դատապարտվել է Եվրոպայում՝ արժեքավոր հին գրքերից էջեր գողանալու համար։ Գողացված քարտեզի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ։