Աուտիզմ ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։ Տեղեկությունը հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժականում կայացած Գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրեց համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին։ Վերջինս այդ պաշտոնում առաջադրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում անցկացված քվեարկության արդյունքներով։
Նա ընդգծեց, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ։ Նախարարությունում աշխատելու տարիներին ևս շարունակել է իր կապը համալսարանի հետ՝ դասավանդելով և լինելով Հոգաբարձուների խորհրդի անդամ։
ՀՊՄՀ ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և առանձնացրեց առաջիկա աշխատանքների երեք հիմնական ուղղություն՝ բուհական կրթության որակի բարելավում, հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների շարունակություն, ինչպես նաև հետազոտական գործունեության զարգացում։ Նշված ուղղություններով համալսարանն ունի մեծածավալ աշխատանք կատարելու անհրաժեշտություն․«Վստահ եմ՝ մեզ բարդ, բայց արդյունավետ ճանապարհ է սպասվում»,- նշեց Արաքսիա Սվաջյանը։
Ավելին՝
https://aspu.am/hy/public/single_news/id/10/news_id/447