«Ուժեղ Հայաստանը» Չեխիայի դեսպանի հետ քննարկել է ընտրական գործընթացների խնդիրները

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկի հետ քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի անկախության և ընտրական գործընթացների խնդիրները, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին։ Դրան մասնակցել են ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը և խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա Մաթևոսյանը։

Վարդևանյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու իրավունքի գերակայության ամրապնդման ճանապարհին առկա մարտահրավերները։ Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկույցում նշված՝ հիմնարար իրավունքների խախտումներին։

Պատգամավորները կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգի անկախության ապահովումը՝ դեսպանի ուշադրությունը հրավիրելով այդ ոլորտներում առկա խնդիրների վրա՝ նաև ընտրական գործընթացների համատեքստում։

Արտաքին քաղաքականության առաջնահերթություններին անդրադառնալիս Վարդևանյանը շեշտել է հավասարակշռված արտաքին քաղաքականության և եվրաինտեգրման կարևորությունը՝ Հայաստանի կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բարեփոխումների և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար։ Քննարկվել է նաև տեղական ինստիտուտների և եվրոպական կառույցների միջև կապերի խորացումը։

Մասնակիցներն անդրադարձել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ շրջանառության մեջ դրված առողջապահական օրենսդրական նախաձեռնությանը։ Հաղորդագրության համաձայն՝ այն միտված է առողջապահական համակարգի զարգացմանն ու հանրության համար մատչելի դեղերի հասանելիության ապահովմանը՝ հիմք ընդունելով ԵՄ մոտեցումները։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավն ուղեկցվել էր ընդդիմության ներկայացուցիչների և աջակիցների զանգվածային ձերբակալություններով։ Կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի՝ ընտրություններից հետո ներկայացրած տվյալներով՝ «Ուժեղ Հայաստանի» ձերբակալված ներկայացուցիչների ու աջակիցների թիվը գերազանցել էր 700-ը։ Քաղաքական ուժն ընտրությունների արդյունքում ձևավորել է խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը։

Ընտրություններից հետո հրապարակված զեկույցում ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել ընդդիմության նկատմամբ քրեական հետապնդման ընտրովի բնույթի և նախնական կալանքի կիրառման վերաբերյալ։ Հեղինակների տվյալներով՝ ընտրակաշառքի և ընտրություններին առնչվող այլ ենթադրյալ հանցագործությունների ավելի քան 200 քննությունները հիմնականում վերաբերել են ընդդիմությանը։ Միաժամանակ դիտորդներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել ընտրությունների կազմակերպումը՝ արձանագրելով, որ քաղաքացիներն ունեցել են իրական քաղաքական ընտրություն։

Չեխիայի դեսպանի հետ հանդիպմանը նախորդող օրը՝ հոկտեմբերի 21-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն Armenia Today-ին հաստատել էր Ստեփանավանում 14 անձի ձերբակալության մասին տեղեկությունը։ Նույն օրը դատարանը երկու ամսով կալանավորել էր «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին ընտրակախառք բաժանելու մեղադրանքներով։

«Ուժեղ Հայաստանը» հերքել է մեղադրանքները՝ ձերբակալությունները գնահատելով որպես քաղաքական հետապնդում հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններին ընդառաջ։

Leave a Comment