Փաշինյանը չի բացառում արտահերթ ընտրությունները, եթե նոր Սահմանադրության հարցով չհամոզի ընդդիմությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե չհաջողվի համոզել խորհրդարանական ընդդիմությանը՝ կողմ քվեարկել նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշմանը:

«Կփորձենք համոզել ընդդիմության մեր գործընկերներին, որ սա շատ կարևոր հարց է։ Չստացվեց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է», – այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Փաշինյանը, որի կուսակցությունը վերջին խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացավ:

Խորհրդարանում նոր Սահմանադրության նախագիծը հաստատելու համար անհրաժեշտ ձայներ չունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցության վարչության առնվազն վերջին երկու նիստերում քննարկել է հենց այդ նախագիծը:

«Ես կարծում եմ, որ եթե Հայաստանի ժողովուրդն ուզում է տեսնել այդ հանձնառությունը իրագործված, ուրեմն ժողովուրդի հետ միասին պետք է իրագործի: Եթե Հայաստանի ժողովուրդը չի տեսնում այդ հանձնառությունը իրագործելու հանձնառություն, մի X պահի կարա պարզվի, որ իմ քաղաքական առաքելությունը սպառված է», – այսօր ասաց Փաշինյանը:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մեկ ամիս առաջ վստահեցնում էր, թե տեքստն ամբողջությամբ պատրաստ է և անցնում է միջգերատեսչական քննարկումների փուլ։ Նա պնդել էր նաև, որ քննարկումներն ավարտվելուն պես նախագիծը կներկայացվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդին: Մինչդեռ, վարչապետի որոշման համաձայն, շուրջ չորս տարի առաջ ձևավորված այդ խորհուրդը նախ պետք է քննարկեր ու հաստատեր նախագիծը, ապա ներկայացներ վարչապետի աշխատակազմ: Խորհրդի անդամները, սակայն, ոչ միայն ծանոթ չեն ամբողջական տեքստին, այլև հստակ բացատրություն չունեն, թե ինչու ապրիլի 1-ից հետո որևէ նիստ չի գումարվել:

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները պնդում են, որ Հայաստանում Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով, և բացառում են, որ կաջակցեն դրա ընդունմանը: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունից հեռացված չէ հղումը Անկախության հռչակագրին, որում տարածքային պահանջ են տեսնում:

Leave a Comment