Բնակվարձի փոխհատուցում՝ մինչև 120 հազար դրամ, տեղափոխման համար՝ 400 դրամ յուրաքանչյուր կմ-ի դիմաց․ ո՞ւմ է վերաբերում

Մաքսային ծառայողները, որոնք մշտական բնակության վայրից տարբերվող վայրում կնշանակվեն ծառայության, կարող են բնակելի տարածքի վարձակալության համար ամսական մինչև 120 հազար դրամ փոխհատուցում ստանալ։ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է բարձրացնել փոխհատուցման գործող չափերը, փոփոխել տեղափոխման ծախսերի հատուցման կարգը և սահմանել փոխհատուցում ստանալու նոր պայմաններ։

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2073-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է բնակելի տարածքի վարձակալության համար տրամադրվող ամսական փոխհատուցման չափերը բարձրացնել՝ հաշվի առնելով անշարժ գույքի վարձակալության շուկայական գների փոփոխությունները։

Փոխհատուցման չափը կախված կլինի բնակավայրից և ընտանիքի անդամների թվից։

Բնակավայրը Մինչև 3 անդամ ունեցող ընտանիքի համար 3 անդամից ավելի ունեցող ընտանիքի համար
Երևան 100,000 դրամ 120,000 դրամ
Մյուս քաղաքներ 72,000 դրամ 96,000 դրամ
Այլ բնակավայրեր 60,000 դրամ 72,000 դրամ

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող փոխհատուցման չափերը սահմանվել են դեռևս 2002 թվականին և դրանից հետո չեն վերանայվել։ Պետական եկամուտների կոմիտեի ուսումնասիրությամբ՝ մեկ քառակուսի մետր բնակելի տարածքի վարձակալության միջին արժեքը Երևանում կազմում է մոտ 4500 դրամ, մյուս քաղաքներում՝ 2000 դրամ, իսկ այլ բնակավայրերում՝ 1500 դրամ։

Օրինակ՝ 50 քառակուսի մետր բնակարանի վարձակալության միջին արժեքը Երևանում կկազմի մոտ 225 հազար դրամ, մյուս քաղաքներում՝ 100 հազար դրամ, իսկ այլ բնակավայրերում՝ 75 հազար դրամ։

Նախագծով առաջարկվող փոխհատուցման չափերը նախատեսվում է բարձրացնել գործող չափերի համեմատությամբ չորս անգամ՝ հնարավորինս մոտեցնելով դրանք ներկայիս շուկայական պայմաններին։ Այդուհանդերձ, փոխհատուցումը կարող է ամբողջությամբ չծածկել բնակարանի վարձակալության ծախսերը։

Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում

Փոխհատուցում կտրամադրվի այն մաքսային ծառայողին, որը մշտական բնակության վայրից տարբերվող մաքսային մարմնում նշանակվել է մաքսային ծառայության պաշտոնի։

Ծառայության վայրը մշտական բնակության վայրից տարբերվող կհամարվի, եթե այն գտնվում է մաքսային ծառայողի բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորության վրա։

Նախագծով մշտական բնակության վայր է համարվում այն բնակելի տարածքը, որտեղ մաքսային ծառայողը դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ժամանակահատվածում փաստացի բնակվել է առնվազն 183 օր։

Փոխհատուցման հաշվարկում հաշվի կառնվեն մաքսային ծառայողի ընտանիքի հետևյալ անդամները՝

  • ամուսինը,
  • զավակները, այդ թվում՝ որդեգրված,
  • նշված անձանցից տարբերվող՝ «Պետական նպաստների մասին» օրենքի համաձայն ընտանիքի խնամառու անդամ համարվող անձինք։

Ո՞ր դեպքերում փոխհատուցում չի տրամադրվի

Նախագծով նախատեսվում է, որ բնակելի տարածքի տրամադրում կամ վարձակալության համար դրամական փոխհատուցում չի իրականացվի, եթե մաքսային ծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածք, որը գտնվում է համապատասխան մաքսային մարմնից մինչև 30 կմ հեռավորության վրա։

Այսինքն՝ ծառայողը չի կարողանա փոխհատուցում ստանալ, եթե ինքն անձամբ կամ ընտանիքի անդամներից որևէ մեկն այդ տարածքում ունի սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույք։

Ինչպե՞ս պետք է դիմել փոխհատուցում ստանալու համար

Փոխհատուցումը կտրամադրվի Պետական եկամուտների կոմիտե էլեկտրոնային կամ թղթային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։

Դիմումին պետք է կցվեն՝

  • մաքսային ծառայողի և նրա հետ բնակվող ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  • ընտանիքի խնամառու անդամ լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը, եթե այդպիսիք կան,
  • ամուսնության վկայականը,
  • առնվազն 183 օր փաստացի բնակվելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը,
  • Կադաստրի կոմիտեի տեղեկանքը՝ նախագծով սահմանված՝ համապատասխան բնակելի տարածքի սեփականության բացակայությունը հաստատելու համար։

Պետական եկամուտների կոմիտեն դիմումը կքննարկի այն մուտքագրվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Ծառայողը նաև պետք է գրավոր համաձայնություն տա, որպեսզի Կոմիտեն անհրաժեշտության դեպքում հարցումներ կատարի իրավասու մարմիններին՝ ներկայացված տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար։

Եթե դիմումում նշված տվյալները փոխվեն, մաքսային ծառայողը պարտավոր կլինի այդ մասին տեղեկացնել Կոմիտեին փոփոխության կատարման ամսվան հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ՝ ներկայացնելով փոփոխությունները հաստատող փաստաթղթերը։

Որքա՞ն կփոխհատուցվի տեղափոխման ծախսը

Նախագծով նախատեսվում է փոխել նաև ծառայողական տեղափոխման և անձնական գույքի տեղափոխման հետ կապված ծախսերի միանվագ փոխհատուցման չափը։

Առաջարկվում է յուրաքանչյուր կիլոմետրի համար սահմանել 400 դրամ փոխհատուցում։

Գործող կարգով մինչև 100 կմ հեռավորության տեղափոխման դեպքում նախատեսված է 20 հազար դրամ, իսկ 100 կմ-ից ավելի հեռավորության դեպքում՝ յուրաքանչյուր լրիվ կամ ոչ լրիվ 50 կմ-ի համար լրացուցիչ 5 հազար դրամ։

Ե՞րբ կդադարեցվի փոխհատուցումը

Նախագծով սահմանվել են նաև փոխհատուցման տրամադրումը դադարեցնելու դեպքերը։ Դրանք են՝

  • մաքսային ծառայողի պաշտոնից ազատվելը,
  • ծառայողի կողմից փոխհատուցման իրավունքից գրավոր հրաժարվելը,
  • ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի կողմից տվյալ վայրում սեփականության իրավունքով բնակելի տարածք ձեռք բերելը։

Նախագծով նախատեսվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն տարեկան կտրվածքով կարող է հարցումներ կատարել պետական մարմիններին՝ փոխհատուցման համար ներկայացված տվյալները ստուգելու նպատակով։

Հիշեցնենք, որ ներկայացված փաստաթուղթը կառավարության որոշման նախագիծ է։ Առաջարկվող փոփոխությունները կկիրառվեն սահմանված կարգով որոշման ընդունումից և պաշտոնական հրապարակումից հետո։ Նախագծի համաձայն՝ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը,-տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment