Iravaban.net–ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությայ 2026 թվականանի հոկտեմբերի 22-ի նիստում հավանության արժանացավ անապահով ընտանիքների աշխատունակ անձանց, զորացրված զինծառայողների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության աջակցության երեք ծրագրերի միավորումը։ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացմամբ՝ նպատակը ծրագրի հասցեականության և արդյունավետության բարձրացումն է։
Նոր ծրագիրը բաղկացած կլինի երեք հիմնական փուլից։
Առաջին փուլում շահառուներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ արժողությամբ մեկանգամյա կրթական վաուչեր՝ մասնագիտական ուսուցում անցնելու համար։ Այն հնարավոր կլինի օգտագործել տրամադրումից հետո վեց ամսվա ընթացքում՝ ԿԳՄՍ նախարարության երաշխավորած ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր իրականացնող կազմակերպություններում։
Երկրորդ փուլում ֆինանսական աջակցություն կտրամադրվի գործատուին, եթե նա վաուչերով ուսուցում անցած և համապատասխան վկայական ստացած անձին աշխատանքի ընդունի՝ նրա հետ կնքելով առնվազն երեք ամսվա աշխատանքային պայմանագիր։ Գործատուին կփոխհատուցվի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարը՝
- աշխատանքի առաջին երեք ամիսներին՝ 50%-ի չափով, ամսական առավելագույնը 25 հազար դրամ,
- չորրորդից վեցերորդ ամիսներին՝ 100%-ի չափով, ամսական առավելագույնը 50 հազար դրամ։
Երրորդ փուլում շահառուին կտրամադրվի միանվագ աջակցություն․ աշխատանքային հարաբերությունները երեք ամիս շարունակվելու դեպքում՝ 100 հազար դրամ, իսկ 12 ամիս շարունակվելու դեպքում՝ 200 հազար դրամ։
Ծրագիրն իրականացվելու է «e-work.am» թվային հարթակի միջոցով։ Մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից։ Նախնական հաշվարկով՝ ծրագրում կընդգրկվի շուրջ 1500 շահառու։
Մանրամասները՝ տեսանյութում։