Հայաստանում տնտեսական ակտիվությունը բավականին բարձր է, իսկ երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան լավ ընթացք ունի, ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ընթացիկ մարտահրավերներից մեկը ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի հարաբերություններն են, որոնց շուրջ առաջիկայում աշխատանքներ կիրականացվեն։
«Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ նաև մեր երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան է բավականին լավ տեղի ունենում, և այս պահին մեր ունեցած տվյալները հույս են ներշնչում, որ առաջիկայում դրանք էլ ավելի կամրապնդվեն և կխորանան, և մենք պետք է կենտրոնացած մնանք այս խնդրի վրա»,- ասել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է նաև աշխատատեղերի աճի դրական նշանակությունը․
«Մենք ընդհանուր առմամբ աշխատանքով բարեկեցության հասնելու ռազմավարությունից չպետք է շեղվենք և պետք է շարունակենք այս ճանապարհը»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի ներկայացմամբ՝ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2018 թվականի համեմատ աճել է շուրջ 53 տոկոսով։
Նա ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է տնտեսության և տնտեսվարողների համար հնարավորինս բարենպաստ պայմանների ստեղծումը, որպեսզի նրանք կարողանան աշխատել, արդյունք ստեղծել և վճարել օրենքով սահմանված հարկերը։