Երբ բողոքելու միակ տեղը համացանցն է․ Աֆղանստանի կանանց առցանց դիմադրությունը

Աֆղանստանում թալիբների սահմանափակումները նեղացնում են կանանց ոչ միայն կրթվելու ու աշխատելու, այլև ազատ ապրելու հնարավորությունները։ Վախի մթնոլորտում կանայք ստիպված են պայքարի ու դիմադրության ձևեր փնտրել։ Նրանցից շատերը, թաքցնելով ինքնությունը, հանդիպում են  առցանց և փորձելով պահպանել իրենց ձայնը։ Ինչպե՞ս է շարունակվում այս պայքարը, երբ նույնիսկ խոսելը կարող է վտանգի վերածվել։

28-ամյա Գուլսումը՝ Աֆղանստանի Փարվան նահանգից, հարևանների համար սովորական կյանքով ապրող երիտասարդ կին է։ Ընտանիքի անդամներից ու ծանոթներից գրեթե ոչ ոք չգիտի, որ կեղծանունով մասնակցում է թալիբների սահմանափակումների դեմ պայքարող կանանց առցանց շարժմանը։ Նրա պատմությունը հոկտեմբերի 20-ին հրապարակել է Inter Press Service-ը։

Գուլսումի պատմությունը սկսվում է ոչ թե համացանցից, այլ այն կյանքից, որը նա կորցրել է։ Նախկինում իրավագիտություն էր ուսումնասիրում և դասավանդում մասնավոր դպրոցում։ Թալիբների՝ իշխանության վերադառնալուց հետո դպրոցը, որտեղ աշխատում էր, փակվեց, ուսումը շարունակելու հնարավորությունը վերացել։

«Գրքերս դեռ դարակում են, բայց այլևս չկան դասարանը, աշակերտները և երազանքը, որին կարող եմ հետամուտ լինել այնպես, ինչպես առաջ»։

Նա ամիսներ շարունակ լռել է՝ վախենալով ձերբակալությունից և ընտանիքի համար հնարավոր հետևանքներից։ Ամեն ինչ փոխվել է, երբ համալսարանական ընկերոջ միջոցով ծանոթացել է Քաբուլի քննադատական մտածողության շարժմանը։

«Սկզբում ես միայն հետևում էի շարժման հայտարարություններին ու գրառումներին։ Աստիճանաբար սկսեցի մասնակցել առցանց հանդիպումներին՝ կեղծանունով, իսկ ավելի ուշ դարձա շարժման  ակտիվ անդամներից մեկը»։

Շարժման մասնակիցները սեփական էջերում չեն հրապարակում իրենց նյութերը։ Նրանք տեսանյութեր ու լուսանկարներ են պատրաստում՝ թաքցնելով դեմքերը, ապա դրանք ուղարկում շարժման պաշտոնական էջին։ Այս դեպքում համացանցը  ոչ թե հաղորդակցվելու միջոց է, այլ փոխարինում է այն հանրային տարածքին, որտեղից կանայք դուրս են մղվել։ Այնուամենայնիվ, այդ տարածքն էլ ապահով չէ․ թվային հետքերը կարող են բացահայտել մարդկանց ինքնությունը, իսկ հրապարակված նյութը կարող է վտանգել ոչ միայն ակտիվիստին, այլև նրա հարազատներին։ Գուլսումը մի հարց է տալիս իրեն, որը դարձել է իր որոշման շրջադարձային կետը.

«Ամեն անգամ, երբ լսում էի կին ցուցարարների ձերբակալությունների կամ աղջիկներին կրթությունից զրկելու մասին, ինքս ինձ հարց էի տալիս՝ մի՞թե լռությունը նույնպես հանձնվելու ձև է»։

Գուլսումի պատմությունը միակը չէ։ Աֆղանստանի այլ շրջաններում նույնպես  կանայք փորձում են դիմադրել սահմանափակումներին՝ երբեմն գաղտնի դասավանդելով, երբեմն՝ փողոց դուրս գալով, իսկ երբեմն էլ իրենց ձայնը տարածելով համացանցում։

Սեպտեմբերի 2-ին PBS NewsHour-ը հրապարակել է ռեպորտաժ Աֆղանստանի արևմտյան Հերաթ նահանգում բողոքող կանանց և առցանց գաղտնի դպրոց հիմնած ակտիվիստուհու՝ Մուբարիզ կեղծանունով կնոջ մասին։ Նա պատմել է, թե ինչպես են Աֆղանստանում նոր սահմանափակումներն աստիճանաբար նեղացնում կանանց հնարավորությունները։

«Ամեն առավոտ արթնանալիս կարդում ենք նորությունները և տեսնում նոր կանոններ։ Դրանց մոտ 90 տոկոսն ուղղված է կանանց դեմ։ Նրանք ամեն օր ավելի են սահմանափակում կանանց»։

Մուբարիզի հիմնած գաղտնի դպրոցում, ըստ PBS-ի, սովորում է մոտ 12 հազար դեռահաս աղջիկ՝ երկրի տարբեր շրջաններից։ Նա այս նախաձեռնությունը շարունակում է մի միջավայրում, որտեղ կրթական գործունեությամբ ու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելն ամենևին անվտանգ չէ։ Մուբարիզը  խոսում է վախի հետ ապրելու և այն հաղթահարելու անհրաժեշտության մասին։

«Երբ ամեն օր սկսում եմ վախով, բազմաթիվ խնդիրներով ու նոր մարտահրավերներով, ինքս ինձ ասում եմ, որ պետք է քաջություն ունենալ»։

Այսպիսով, առցանց տարածքը կանանց համար միաժամանակ կրթությունը շարունակելու և բողոքի ձայն բարձրացնելու հնարավորություն է։ Բայց այն չի վերացնում վտանգը․ գաղտնի դպրոցներն ու առցանց ինքնությունը թաքցնող ակտիվիստները կարող են բացահայտվել։

Գուլսումի պատմությունը հենց այս հակասության մասին է։ Նա չի կարող հրապարակայնորեն ապրել այն կյանքով, որի մասին երազում է, բայց փորձում է իր ձայնը լսելի դարձնել և դիմադրել կանանց իրավունքները սահմանափակող քաղաքականությանը։

Leave a Comment