Ի՞նչ անել պետական այն գույքի հետ, որն այլև չի շահագործվում։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է օրենքով հստակեցնել գույքի դուրսգրման կարգը, հաշվապահների հաշվառման և համայնքների ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը։ Քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները տարբեր օրինակներն են բերել, հիշել Երևանի 7-րդ զանգվածում բաց երկնքի տակ կայանված «Հայգեր» ավտոբուսները։
Պետական հիմնարկի կոտրված աթոռը կամ մաշված համակարգիչը դուրս գրելը Հայաստանում տարիներ շարունակ իրավական խնդիր է եղել։ Պետական հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների համար գույքը դուրս գրելու կարգ սահմանվել է դեռևս 2007 թվականին։ Տարիների ընթացքում օրենքները փոխվել են, իսկ կարգը՝ ոչ։
Խնդիրը լուծելու համար ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը։
«Փոփոխությունը վերաբերում է հանրային հատվածի կազմակերպությունների լրիվ մաշված և օգտագործման համար ոչ պիտանի գույքի դուրսգրման և հետագա տնօրինման կարգին։ Ներկայումս ֆինանսների նախարարի հրամանով է սահմանված տվյալ կարգը»։
Փոխնախարարի խոսքով՝ օրենքի փոփոխությունից հետո Ֆինանսների նախարարությունը կկարողանա նոր կարգ սահմանել՝ հստակեցնելով, թե ինչպես պետք է պետական հիմնարկներն ու համայնքները հաշվառումից հանեն այլևս չօգտագործվող գույքը։

Փոփոխություններից մյուսն էլ վերաբերում է հաշվետվությունների ներկայացման կարգին։
Ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյան․ «Գործող օրենսդրությամբ սահմանված է, որ կարող են ներկայացնել հիմնադիրներին, պետական մարմիններին և օրենքով կամ լիազոր մարմնի սահմանված դեպքերում և կարգով։ Սակայն ներկայումս կապված սուբվենցիոն ծրագրերի հետ, որի դեպքում միջգերատեսչական հանձնաժողովը ուսումնասիրում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը, անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի նաև համայնքների ֆինանսական հաշվետվությունները ուսումնասիրվեն, սակայն օրենսդրությամբ նախատեսված չէ, որ համայնքները հանձնաժողովին ֆինանսական հաշվետվություններ կարող են ներկայացնել կամ հանձնաժողովը կարող է պահանջել։ Օրենսդրությամբ առաջարկում ենք լիազորող նորմ սահմանել»։
Հանձնաժողովի նիստում քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը պետական գույքի պահպանման խնդիրը ներկայացրել է Երևանի մանուշակագույն «Հայգեր» ավտոբուսների օրինակով։ Նրա խոսքով՝ շուրջ 136 ավտոբուս շահագործվում է, դրանից ավելի մեծ քանակ կանգնած է յոթերորդ մասիվում՝ բաց երկնքի տակ։

«Դրանից ավելի շատ էլ յոթերորդ Մասիվում անտեր շպրտած է․ անձրևը, ձյունը գալիս է վրան, պետական գույքը քանդվում է։ Ստացվում է ի՞նչ նույն գույքը և աշխատում է և չի աշխատում։ Այսօր այդ «Հայգերները» հաշվապահության մեջ, եթե նայենք, զրոյական արժեք կունենան, իրենք իրենց լրիվ սպառել են, բայց իրականության մեջ իրենք արժեք ունեն»։
Մանուկյանի խոսքով՝ չշահագործվող ավտոբուսները կարելի է պահել փակ տարածքում, վերանորոգել կամ օգտագործել որպես պահեստամասերի աղբյուր՝ դրանք բաց երկնքի տակ թողնելու փոխարեն։
Ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանի պարզաբանմամբ՝ պետական գույքի պահպանման և օգտագործման վերահսկողությունը նախարարության գործառույթը չէ։ Ֆինանսների նախարարությունը պատասխանատու է ոլորտի կարգավորումները մշակելու համար։
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն և ընդգրկվել ԱԺ առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։