Մենք Ուկրաինային շատ բան ենք տվել, բայց փոխարենը ոչինչ չենք ստացել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ արձագանքելով նրա հայտարարությանը, թե Ռուսաստանին աջակցելու դեպքում ամերիկյան իշխանությունները կհայտնվեն «պատմության սխալ կողմում»: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին «չգիտի՝ ինչ է խոսում», և նշել է, որ ժամանակն է, որպեսզի Ուկրաինայի անունից բանակցությունները վարի մեկ ուրիշը:

Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը ներկայացրել է իր դիրքորոշումը հակամարտության կարգավորման և Ուկրաինայի ղեկավարության վերաբերյալ.

Թրամփի խոսքով՝ Զելենսկին վաղուց պետք է կարգավորեր այս պատերազմը: «Եթե նա ինձ լսեր, վաղուց շատ ավելի լավ գործարք ստացած կլիներ»,- հավելել է նա:

Հիշեցնելով 2025 թվականի փետրվարին Սպիտակ տանը կայացած հանդիպումը՝ Թրամփը նշել է. «Եթե նա ինձ լսեր (դուք չէ՞ք հիշում՝ ինչ տեղի ունեցավ Օվալաձև աշխատասենյակում), նա այս ամենը վաղուց լուծած կլիներ»:

Թրամփն ընդգծել է, որ Կիևի համար նոր ներկայացուցիչ գտնելու ժամանակն է. «Թերևս արդեն ժամանակն է, որ Զելենսկին մեկ ուրիշին գտնի բանակցությունները վարելու համար»:

Լրագրողները Թրամփին հարցրել են նաև ամերիկյան հետախուզական տվյալների փոխանցման ընդհատումների մասին, ինչի վերաբերյալ դժգոհել էր Զելենսկին: Վերջինս հայտարարել էր, որ Ուկրաինան ժամանակին նախազգուշացումներ չի ստացել ռուսական հրթիռային հարվածների մասին: Թեև կիրակի օրը NBC-ին տված հարցազրույցում Զելենսկին նշել էր, որ տվյալների փոխանակումը վերականգնվել է, արդեն երկուշաբթի նա հայտնել է, որ Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռների վերջին հարձակման մասին Ուկրաինան դարձյալ ամբողջական տեղեկատվություն չի ստացել:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային մեծ քանակությամբ հետախուզական տվյալներ է տրամադրում, սակայն Վաշինգտոնը դրա դիմաց ոչինչ չի ստանում:

Երկու երկրների հարաբերությունները վատթարացել են Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, հակառուսական պատժամիջոցների հետաձգման և էներգետիկ հրադադարի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։

Leave a Comment