Իրանի պաշտպանության նախարարը հայտնել է ամերիկյան հզոր ռումբերին դիմակայելու մասին

Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար Մեհրդադ Ախլաղի Քեթաբչին հայտարարել է, որ Իրանը պատրաստվել է դիմակայելու ամերիկյան հզոր ավիառումբերի կիրառմանը և սպառնացել է ԱՄՆ-ին ծանր հետևանքներով՝ հնարավոր հարձակման դեպքում, հայտնել է Mehr-ը։

Խորհրդարանի նիստում նա պնդել է, որ 12-օրյա պատերազմից հետո Իրանի պաշտպանական կարողություններն արդիականացվել են, ինչի հետևանքով, նրա գնահատմամբ, փոխվել են հակառակորդների ռազմական հաշվարկները։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ Ախլաղի Քեթաբչին հայտարարել է, որ Իրանը միջոցներ է ձեռնարկել ամերիկյան «Բոլոր ռումբերի մայր» (Mother of All Bombs) անվամբ հայտնի ավիառումբին դիմակայելու համար։

Նա նաև զգուշացրել է, որ Իրանի դեմ նոր հարձակումը կարող է հանգեցնել ամերիկացի զինծառայողների զոհերի։

Նախարարի խոսքով՝ ժամանակակից պատերազմները ներառում են ոչ միայն ռազմական գործողություններ, այլև տնտեսական պատժամիջոցներ, կիբերհարձակումներ, մատակարարման շղթաների խափանումներ և տեղեկատվական պայքար։

Իրանի խորհրդարանը հոկտեմբերի 18-ին հաստատել է Մեհրդադ Ախլաղի Քեթաբչիի նշանակումը պաշտպանության և զինված ուժերի լոգիստիկայի նախարարի պաշտոնում։ Նա փոխարինել է Ազիզ Նասիրզադեին, որը, իրանական աղբյուրի տվյալներով, զոհվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։

Հոկտեմբերի 8-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մինչև նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա։ Նա նաև հայտնել էր Թեհրանի հետ բանակցությունների մասին՝ միաժամանակ պնդելով, որ Իրանը միջուկային զենք չի ունենա։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին:

 

Leave a Comment