Հնդկաստանում բեռնատարի՝ ուխտավորների բազմության մեջ մխրճվելու հետևանքով 12 մարդ է զոհվել

Հնդկաստանի Գվալիոր քաղաքում բեռնատարի՝ ուխտավորների բազմության մեջ մխրճվելու հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության պետ Դհարմվիր Սինգհը։

Նրա խոսքով՝ հիվանդանոց է տեղափոխվել 39 մարդ, որոնցից 12-ը մահացել են։ Հինգ կամ վեց տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է․ նրանք կոտրվածքներ ունեն։ Մյուսները թեթև վնասվածքներ են ստացել և բուժում են ստանում։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ Գվալիորի Շիտալա Մատա տաճարի մոտ, որտեղ մեծ թվով հավատացյալներ էին հավաքվել։ Բրինձ տեղափոխող բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան ճեղքել է ոստիկանական արգելապատնեշները։ Զառիթափ լանջով գլորվելով՝ բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ և բախվել տաճարի մուտքի դարպասին։

Հարվածի ուժգնությունից դարպասի պատի մի մասը փլուզվել է, և մի քանի մարդ մնացել է փլատակներում։ Նախնական քննությամբ պարզվել է, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։

Leave a Comment