Ֆրանսիայի վարչապետն անկարգությունների համար մեղադրել է «ծայրահեղ ձախ խմբավորումներին»

Ֆրանսիայում լայնածավալ անկարգություններ են բռնկվել, որոնց հետևանքով 1200 մարդ է ձերբակալվել, իսկ 150 ոստիկան՝ վիրավորվել. գրում է DW-ն։

Հոկտեմբերի 17-ին երկրով մեկ ավելի քան 550 000 մարդ մասնակցել է ցույցերի՝ ընդդեմ կենսական նշանակության  բարձր գների և կրթական համակարգում առկա խնդիրների։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են բռնության. դիմակավոր անձինք հրկիզել են տրանսպորտային միջոցներ, թալանել խանութներ, ինչին հաջորդել են բախումները ոստիկանության հետ։ Իրավապահ մարմինները ցուցարարներին ցրելու համար կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Փարիզում ամբողջական փողոցներ ենթարկվել են «համակարգված ավերածությունների», — հայտնել է փոխքաղաքապետ Էմանուել Գրեգուարը։ Լիոնում հրդեհվել է զբոսաշրջային գրասենյակը, իսկ Լիմոժ քաղաքում հրկիզվել է քաղաքապետարանի պատմական շենքը, որն ավելի քան 140 տարեկան է։ AFP լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հարձակման է ենթարկվել նաև Մարսելի քաղաքապետարանը, իսկ ցուցարարները վանկարկել են. «Սա հեղափոխություն է։ Մենք գրավում ենք Բաստիլը»։

Հոկտեմբերի 17-ի երեկոյան Ֆրանսիայի կառավարությունը արտահերթ նիստ է գումարել։ Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն անկարգությունների համար մեղադրել է «ծայրահեղ ձախ խմբավորումներին»՝ տեղի ունեցածը բնորոշելով որպես «ծայրահեղ ինտենսիվության բռնություն»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել և պատժել նրանց, ովքեր «ավերածություններ են իրականացրել, հարձակվել շինությունների ու խանութների վրա և նույնիսկ թալանել քաղաքապետարանները»։

Leave a Comment