ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին տարել են Զվարթնոց, բայց ոչ Էջմիածին․ Հայր Ասողիկ – armeniatoday.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը Facebook-ում քննադատել է իշխանություններին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի այցի ծրագրում Էջմիածինը չներառելու համար։

Հայր Ասողիկը նաև Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի անդամ է։ Նրա խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիի համար այց է կազմակերպվել Զվարթնոցի տաճար, սակայն ոչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հոկտեմբերի 17-ին հայտնել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոցի տաճար։ Նրան ուղեկցել են ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։

«Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ, սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր Տաճարը»,- գրել է հոգևորականը։

Հայր Ասողիկը հիշեցրել է, որ Զվարթնոցի տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված է Մայր Տաճարի հետ նույն հայտով։ Գրառմանը կից նա հրապարակել է «Էջմիածնի Մայր Տաճարն ու եկեղեցիները և Զվարթնոցի հնագիտական վայրը» համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու մասին վկայագրի լուսանկարը։ Էջմիածինն ու Զվարթնոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվել են 2000 թվականին։

Հոգևորականն Էջմիածին չայցելելու որոշումը համարել է «ցավալի ու դատապարտելի»։

«Նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության։ Հայոց Եկեղեցին՝ իր Մայր Աթոռով, կանգուն է և տեր է իր ողջ աշխարհասփյուռ ժառանգությանը»,- գրել է նա։

Գրառումը հրապարակվել է Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի Երևան կատարած այցի ֆոնին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալ-Անանիի հետ հանդիպել է հոկտեմբերի 16-ին։ Վարչապետի աշխատակազմի տվյալներով՝ Փաշինյանը կարևորել է կազմակերպության հետ համագործակցությունը մշակութային ու պատմական ժառանգության պահպանության և պաշտպանության հարցերում։

Leave a Comment