
Մաշտոցյան Մատենադարանում բացվել է «Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը» խորագրով ցուցադրությունը, որտեղ առաջին անգամ ներկայացվել է Մատենադարանում պահվող ձեռագիր ժապավենաձև հմայիլների հավաքածուն։

Հմայիլները աղոթքների, աղերսների և մաղթանքների ժողովածուներ են, որոնք դարեր շարունակ մարդիկ կրել են՝ հավատալով դրանց պաշտպանիչ ու բուժիչ զորությանը։ Դրանք ոչ միայն հոգևոր հավատալիքների արտահայտություն են, այլև հայ գրավոր մշակույթի և մանրանկարչական արվեստի արժեքավոր նմուշներ։
Մատենադարանում պահպանվում է հայերեն ձեռագիր հմայիլների 586 միավոր:

Հայերեն հմայիլների պատմությունը հասնում է մինչև առնվազն 15-րդ դար։ Հայտնի ամենահին պահպանված օրինակներից մեկը գրվել է 1428 թվականին։ Հետագա դարերում հմայիլների պատրաստման ավանդույթը շարունակվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթօջախներում՝ Սիրիայում, Իրանում, Հունաստանում, Լեհաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, Վրաստանում և այլ երկրներում:

Հմայիլներն առանձնանում են ոչ միայն բովանդակությամբ, այլև չափերով։ Մատենադարանում պահպանվող ժապավենաձև օրինակների երկարությունը տարբեր է․ ամենակարճերից մեկը 80 սանտիմետր է, իսկ ամենաերկարը՝ 22,65 մետր։ Վերջինս գրվել է 1836 թվականին՝ Աստրախանում։ Հայերեն ամենաերկար հայտնի հմայիլը, որի երկարությունը 27,77 մետր է, պահվում է Ֆրանսիայի ազգային գրադարանում։
Հմայիլներում հանդիպում են աղոթքներ, սրբերի պատկերներ և չար ուժերից պաշտպանությանը, առողջությանն ու բարօրությանը վերաբերող պատկերագրական մոտիվներ։
Ցուցադրությունը հնարավորություն կտա բացահայտելու դարերի խորքից հասած այս բացառիկ ժառանգությունը՝ ծանոթանալով հայ ժողովրդի հոգևոր աշխարհին, հավատալիքներին և ձեռագրական արվեստի առանձնահատկություններին։





