Բրյուսելում դպրոցականների բողոքի ցույցերն ուղեկցվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով

Հոկտեմբերի 17-ին Բրյուսելում դպրոցականների բողոքի ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ քաղաքում անկարգությունների նոր ալիք է սկսվել։

Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցրել է մի քանի հարյուր դպրոցականներից և ուսանողներից բաղկացած երթը, քանի որ ցույցը թույլատրված չի եղել։ Մասնակիցները հրաժարվել են ցրվել և ոստիկանության ուղղությամբ նետել ճայթրուկներ ու շշեր։ Ոստիկանությունը պատասխանել է ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով։

Ոստիկանության լրացուցիչ ուժերի ժամանումից հետո ցուցարարները բաժանվել են փոքր խմբերի և շարժվել տարբեր ուղղություններով՝ իրենց հետևից թողնելով այրված աղբամաններ, կոտրված հեծանիվներ ու ինքնագլորներ։

RTL հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ոստիկանության և այդ խմբերի միջև առանձին բախումները շարունակվել են ողջ երեկո՝ Կենտրոնական, Հյուսիսային և Հարավային երկաթուղային կայարանների շրջանում, ինչպես նաև Բրյուսելի կենտրոնում՝ Լեմոնիե և Ստալինգրադ բուլվարների հարակից միգրանտներով բնակեցված թաղամասում։ Քաղաքի հարավ-արևմուտքում՝ Անդերլեխտ համայնքում, ժամը 18-ի մոտ ոստիկանությունը շրջափակել է ցուցարարների ամենամեծ խմբին և սկսել ձերբակալությունները։

Բրյուսելյան BX1 պորտալի տվյալներով՝ անկարգությունների մասնակիցները 12-ից 30 տարեկան երիտասարդներ են եղել։

Բելգիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կանտենը այս գործողություններն անվանել է «անիմաստ բռնություն»։

Միևնույն ժամանակ, ցերեկային ցույցը կազմակերպած դպրոցականների և ուսանողների կազմակերպությունները սոցիալական ցանցերում հայտարարել են, որ բողոքում են կրթական բարեփոխման դեմ։ Այն նախատեսում է ոլորտի ֆինանսավորման կրճատում և ուսուցիչների ծանրաբեռնվածության ավելացում, ինչը, ըստ նրանց, կարող է հանգեցնել հանրակրթության որակի և ուսումնական տեղերի թվի նվազման։

Փորձագետների գնահատմամբ՝ Բրյուսելում բողոքի ցույցերի տարածման վրա մեծ ազդեցություն ունեն հարևան Ֆրանսիայում դպրոցականների ելույթների տեսանյութերը, որոնք լայնորեն տարածվում են ֆրանսալեզու սոցիալական ցանցերում։

Leave a Comment