Հուսով եմ, որ սպասվող գործընթացների արդյունքում երկաթուղին ավելի նշանակալի դեր կխաղա լեռնահանքային ոլորտի համար․ Փաշինյան

Հուսով եմ, որ մոտ ապագայում սպասվող գործընթացների արդյունքում երկաթուղին ավելի նշանակալի դեր կխաղա լեռնահանքային ոլորտի համար, ինչը, հուսով եմ, արտահանման տեսանկյունից օգուտ կբերի լեռնահանքային ընկերություններին։ Այս մասին հոկտեմբերի 17-ին Ծաղկաձորում կայացած Mining Armenia Forum 2026-ի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ դա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ Հայաստանից լեռնահանքային արտադրանքի արտահանումն արդեն իսկ իրականացվում է երկաթուղով։

Փաշինյանը հույս է հայտնել, որ լեռնահանքային ընկերությունները իրենց ապրանքը կարտահանեն ավելի կարճ ճանապարհով։

Միևնույն ժամանակ վարչապետը դժգոհել է, որ հանքարդյունաբերության ոլորտը մեծ հարցականի տակ է դնում ենթակառուցվածքներում պետության կատարած ներդրումները, քանի որ գերբեռնված մեքենաները քանդում են ճանապարհները։

Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության ու մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Lydian Armenia» ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։

Leave a Comment