Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրում»՝ արևային կայաններից արտադրված էլեկտրաէներգիայի կուտակիչներ ձեռք բերելու համար տնտեսավարողներին տրամադրվող վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով։
Iravaban.net-ը ուսումնասիրել է Կառավարության որոշման նախագիծն ու դրա հիմնավորումը։
Ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխություններ կատարել
Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է, սակայն արտադրված էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերը դեռևս բավարար չափով զարգացած չեն։
2022 թվականին Հայաստանում գործել է 10,282 ինքնավար արևային կայան՝ 196.87 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ կայանների թիվը հասել է 54,776-ի, իսկ ընդհանուր հզորությունը՝ 698.4 ՄՎտ-ի։
Հիմնավորման համաձայն՝ բիզնեսների կողմից շահագործվող ինքնավար արևային կայանների մոտ 70%-ը կուտակիչ համակարգ չունի։ Դրանց ձեռքբերումը հնարավորություն կտա ցերեկային ժամերին արտադրված էլեկտրաէներգիան պահեստավորել և օգտագործել այն ժամանակ, երբ արևային արտադրությունը նվազում է կամ բացակայում։
Ի՞նչ պայմաններ են առաջարկվում
Նախագծով առաջարկվում է կուտակիչների ձեռքբերման համար տրամադրվող՝
- դրամային վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորել 8%-ով,
- դրամային լիզինգի տոկոսադրույքը սուբսիդավորել 10%-ով,
- արտարժույթով վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորել 6%-ով,
- արտարժույթով լիզինգի տոկոսադրույքը սուբսիդավորել 8%-ով։
Սուբսիդավորման ժամկետը նախատեսվում է սահմանել մինչև 84 ամիս՝ 7 տարի։
Նախագծով առաջարկվում է ծրագրի շրջանակում ներառել նաև արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին՝ սահմանված սահմանափակումների պահպանմամբ։
Որքա՞ն արժեն կուտակիչ համակարգերը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում բիզնեսների կողմից օգտագործվող 10–15 կՎտժ հզորությամբ ամբողջական կուտակիչ համակարգերի միջին արժեքը կազմում է շուրջ 5–7 մլն դրամ։
Այդ արժեքը ներառում է մարտկոցները, կառավարման համակարգը, ինվերտորը, մոնտաժային աշխատանքները, լոգիստիկ և հարկային ծախսերը։
Որքա՞ն գումար է անհրաժեշտ սուբսիդավորման համար
Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված հաշվարկներով՝ ինքնավար և արտաքին արևային կայանների կուտակիչների ձեռքբերման վարկերի ու լիզինգի սուբսիդավորման համար անհրաժեշտ միջին տարեկան գումարը գնահատվում է շուրջ 682 մլն դրամ։
Յոթ տարվա համար ընդհանուր սուբսիդավորման ծավալը կարող է կազմել շուրջ 4.76 մլրդ դրամ։
Մինչև 2026 թվականի ավարտը մնացած ժամանակահատվածի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները գնահատվում են շուրջ 142.1 մլն դրամ։
Որտեղի՞ց կտրամադրվեն գումարները
Հիմնավորման համաձայն՝ սուբսիդավորման համար անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ապահովել ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման միջոցով՝ առանց պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության։
Ի՞նչ այլ փոփոխություններ են նախատեսվում
Նախագծով առաջարկվում է հստակեցնել նաև ծրագրի շրջանակում ձեռք բերված մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի օգտագործման պայմանները։ Դրանք սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում չեն կարող օտարվել, վարձակալության հանձնվել կամ այլ կերպ փոխանցվել երրորդ անձանց տիրապետմանը կամ օգտագործմանը։
Նախատեսվում է հստակեցնել սուբսիդավորվող վարկերի և լիզինգի առավելագույն սահմանաչափերի կիրառման կանոնները, ինչպես նաև սահմանել ծրագրի շահառուների վերաբերյալ՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունները Պետական վերահսկողական ծառայությանը տրամադրելու իրավական հիմքերը։
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
Նախագծի ընդունման դեպքում արևային կայաններ ունեցող տնտեսավարողները կկարողանան սահմանված պայմաններով օգտվել կուտակիչների ձեռքբերման վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումից։