AFP․ Ֆրանսիայի խոշոր անտառային հրդեհների վնասը ապահովագրական ընկերությունների համար գնահատվում է 563 մլն եվրո

Ֆրանսիայի արևմուտքում և հարավում այս ամռանը բռնկված խոշոր անտառային հրդեհների պատճառած վնասը ապահովագրական ընկերությունները գնահատում են 563 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով France Assureurs ապահովագրական ընկերությունների ասոցիացիան։

Ասոցիացիայի ներկայացուցիչ Ֆլորանս Լյուստմանի խոսքով՝ ապահովագրական հատուցումների դիմումների մեծ մասը կարգավորվել է երկու ամսվա ընթացքում։

Հրդեհներից առավել տուժած երեք դեպարտամենտներում՝ Ժիրոնդում, Լանդում և Վարում, գրանցվել է ապահովագրական 22,5 հազար դեպք։ Դրանց 71 տոկոսի դեպքում հատուցումները վճարվել են ամբողջությամբ կամ մասնակի։

Ֆրանսիայում տարեսկզբից հրդեհներն արդեն ոչնչացրել են ավելի քան 119 հազար հեկտար տարածք։ Ամենախոշոր հրդեհը բռնկվել է Ժիրոնդ դեպարտամենտում, որտեղ այրվել է ավելի քան 42 հազար հեկտար տարածք, իսկ 240 տուն՝ ոչնչացվել։ Դրանց կեսից ավելին գտնվել է Լը Պորժ համայնքում, որն ամենից շատն է տուժել տարերային աղետից։

Leave a Comment