Ինչպես նշել էինք նախորդ համարում, «Ենի Ադրբեջան» կուսակցության ութերորդ համագումարում ունեցած ելույթի ժամանակ Իլհամ Ալիեւն իր քննադատության սլաքն ուղղել էր նաեւ Թուրքիային՝ այն երկրին, որի հետ Ադրբեջանը ներկայանում է «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո:
Այնուամենայնիվ, Ալիեւը զգուշորեն խուսափել էր «Թուրքիա» բառն ուղղակիորեն արտասանելուց: Հավանաբար, ակնարկելով Բաքվին ցուցաբերված ռազմաքաղաքական լիակատար աջակցության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բազմիցս հնչեցրած հայտարարությունները՝ Ադրբեջանի նախագահը նշել էր, որ իր երկիրը հովանավորներ չունի, իսկ եթե որեւէ մեկը զենք է տրամադրել Ադրբեջանին, ապա դրա դիմաց կրկնակին է պահանջել:
Ալիեւը, դիմելով իր անհասցե ընդդիմախոսին, խորհուրդ էր տվել չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին եւ ապրելակերպին՝ ընդգծելով, որ իր երկիրը բարձր հովանավորի կամ, իր իսկ ձեւակերպմամբ, «մեծ քեռու» կարիքը չունի:
Ալիեւի հայտարարություններից կարճ ժամանակ անց Թուրքիայի նախագահականին առընթեր Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Դրանում նշվում է, որ մի շարք միջազգային լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում հրապարակվել են նյութեր, որոնց նպատակն է թուլացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորված ամուր կապերն ու ռազմավարական դաշինքը, որն արտահայտվում է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ հրապարակումները հանրային կարծիքի վրա ազդելուն ուղղված գործողության մաս են կազմում: Ըստ կենտրոնի, դրանց նպատակը երկու բարեկամ եւ եղբայրական երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված ամուր հարաբերությունները խաթարելն է, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը թուլացնելը:
Անդրադառնալով Թուրքիայի եւ Ադրբեջանի ընդհանուր պատմական ու մշակութային ժառանգությանը՝ կենտրոնը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են անքակտելի եղբայրության վրա, եւ Անկարան ու Բաքուն վճռական են շարունակելու համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Հայտարարության մեկ այլ հատվածում ասվում է. «Երկու երկրների ռազմավարական գործընկերության, համատեղ գործողությունների եւ ընթացիկ համագործակցության վերաբերյալ աղավաղված մեկնաբանությունների միջոցով հանրային կարծիքը մոլորեցնելու փորձերն իրենց նպատակին չեն ծառայի»:
Հայտարարության ավարտին կենտրոնը հանրությանը կոչ է արել չվստահել հոգեբանական պատերազմի նպատակներով տարածվող նյութերին եւ առաջնորդվել միայն պաշտոնական մարմինների հաղորդագրություններով ու հայտարարություններով:
Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահականի հայտարարությունը չի հստակեցնում, թե ո՞ւմ նկատի ուներ Ալիեւը՝ խոսելով հովանավորի կամ «մեծ քեռու» մասին: Արդյո՞ք խոսքը Պակիստանի մասին էր, թե՞ Իսրայելի, որոնք Թուրքիայի հետ միասին 44-օրյա պատերազմի ընթացքում զենք էին մատակարարում Ադրբեջանին:
Այս հարցը մնում է բաց: Իսկ Ալիեւի ակնարկներն ու Անկարայի արագ արձագանքը նոր հարցեր են առաջացնում Բաքվի եւ Անկարայի ռազմավարական հարաբերությունների իրական բնույթի, ինչպես նաեւ այդ դաշինքում կողմերի ակնկալիքների ու փոխադարձ պարտավորությունների վերաբերյալ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ