Հայաստանի պատմության և Ակրոպոլիսի թանգարանների տնօրեններն ամիսներ առաջ Հունաստանում հուշագիր էին ստորագրել՝ ազդարարելով գործակցության մեկնարկը։ Հուշագիրը գործնականում շունչ կստանա խոշոր և խորհրդանշական ցուցադրությամբ. նոյեմբերի 19-ին Հայաստանի պատմության թանգարանը «Հնագույն Հայաստան» խորագրով ցուցահանդեսով կներկայանա Ակրոպոլիսի թանգարանում՝ բացահայտելով մեր երկրի պատմությունն ու մշակույթը։
«Հնագույն Հայաստան» ցուցադրությունը ներկայացնելու է Հայաստանը լայն համատեքստում։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ցուցահանդեսը հանրությանը կներկայացնի հարյուրից ավելի արժեքավոր նմուշներ, որոնք ամբողջապես կբացահայտեն մեր երկրի պատմական հարուստ ժառանգությունը․
«Սա առաջին անգամն է, որ այլ երկրից հավաքածու է ընդունվում Ակրոպոլիսի այս հայտնի թանգարանում, և առաջինը հենց Հայաստանն է իր ժառանգությամբ ներկայացված: Թանգարանի մշտական ցուցադրական հատվածներում մեզանից փոխառված չորս առարկաներ համադրվել են տեղի հայկական համայնքի ժառանգության հետ․ դրանք տարբեր ձեռագրեր են, փրկված տարբեր վանական համալիրներից, օկուպացված տարածքներից, ընդ որում՝ փրկված արժեքներ»։
Ցուցադրությանը ներկայացվելու է 170-ից ավելի արժեքավոր առարկա՝ սկսած քարե դարից մինչև վաղ քրիստոնեական շրջան՝ ընդգրկելով բոլոր պատմական փուլերն իրենց յուրօրինակ նմուշներով․
«Էգեյան ծովի ավազանի տարբեր այդ հին քաղաքակրթությունների վերաբերող նմուշները իրենք համադրելու են մեր հավաքածուի հետ, ցույց տալու համար հին Հայաստանի տարբեր պատմափուլերում, հատկապես ուրարտական շրջանում ունեցած մշակութային փոխհարաբերությունները» ։
Հայաստանի պատմության թանգարանից ներկայացված են նաև չորս արժեքներ Հայաստանի մայրաքաղաքներից՝ Անիից, Դվինից, Կիլիկյան Հայաստանի թագավորությունից և Երևանից՝ Նորք-Մարաշի Պողոս-Պետրոս եկեղեցում պահպանված լանջախաչը:
Ակորպորլիսի համալիրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ և տարեկան շուրջ երկու միլիոն այցելու ունի․
«Հին քաղաքակրթության օրրաններից մեկում հյուրընկալվում է մեկ այլ քաղաքակրթություն ու այն շատ հետաքրքիր հանդիպում է քաղաքակրթությունների»։
Աթենքի Ակրոպոլիսի բացառիկ նախագծին զուգահեռ՝ հայկական մշակույթի միջազգային հանրահռչակման ճանապարհին ոչ պակաս ուշագրավ ցուցադրություն է կազմակերպվել Կիպրոսում։ միջազգային համագործակցությունների շրջանակում Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում մեկնարկել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Եռամսյա այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս կիպրահայությանն ու տեղացի այցելուներին բացահայտելու միջնադարյան Հայաստանի հարուստ հավաքածուն․
«Այդ ցուցահանդեսը, այսպես՝ հետաքրքրիր համադրությամբ և երկխոսության մեջ է իրենց մշտական ցուցադրության մեջ գտնվող նմուշների հետ, և այնտեղ նաև մեզանից փոխառված չորս առարկաներ են համադրվել։ Հատուկ խաչքար է նվիրաբերվել թանգարանին տեղի առաջնորդարանի կողմից»։
Այսպիսի բացառիկ նախագծերը վկայում են, որ հայկական թանգարանային գործն ու մշակութային ցուցադրությունները լիովին մրցունակ են միջազգային հարթակում։ Դավիթ Պողոսյանն ասում է, որ վերջին տարիներին մեր թանգարանների միջազգային համագործակցությունը բացառիկ բնույթ ունի։ Այն ոչ միայն պարզապես Հայաստանից տարված ցուցանմուշներ են, այլև տեղի հավաքածուների հետ խորը համադրություններ, որոնք ստեղծում են միջմշակութային հաղորդակցության նոր ու հետաքրքիր նախագծեր: Ըստ Պողոսյանի՝ նման ցուցադրությունները ճանաչելի են դարձնում հայկական մշակույթն ու արժեքները միջազգային լայն հանրությանը։