Գնահատում ենք Շվեյցարիայի կողմից բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը․ Միրզոյան

Գնահատում ենք Շվեյցարիայի կողմից բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը․ Միրզոյան
armtimes.com ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավարը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։


 


Իր խոսքում Արարատ Միրզոյանն ասել է․


 


«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բարեկամ, սիրելի՛ ընկեր, ես այսօր շատ ուրախ եմ Երևանում հյուրընկալել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար և իմ շատ լավ բարեկամ Իգնասիո Կասիսին։


 


Հարգելի՛ գործընկեր, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Հայաստանում և շնորհակալություն եմ հայտնում բովանդակալից քննարկումների համար։


 


Մենք այսօր անդրադարձել ենք Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին։ Իհարկե, խոսել ենք Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից, ձևավորվող համագործակցությունից։ Նախարարին տեղեկացրել եմ վերջին զարգացումների մասին։


 


Հաշվի առնելով նաև այս հաստատված խաղաղությունը՝ հասկանալիորեն ԵԱՀԿ-ն ինքը Հայաստանի համար փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որոնք Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ, ԵԱՀԿ-ի նկատմամբ, և հիմա մենք մտածում ենք, թե ինչպես զարգացնել համագործակցությունը, ունենալ նոր նախաձեռնություններ, նոր ծրագրեր։


 


Շնորհակալություն եմ հայտնել և գնահատել եմ գործընկերոջս ջանքերը՝ ուղղված ԵԱՀԿ նախագահողի պաշտոնում կազմակերպության զարգացմանը։ Այդ ուղղությամբ մտքեր ենք փոխանակել նաև ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական չափման շրջանակներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։ Հատկանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունենում COP17-ի պաշտոնական մեկնարկի նախօրեին։


 


Մենք շատ ժամանակ ենք հատկացրել նաև մեր երկկողմ՝ Հայաստան-Շվեյցարիա հարաբերություններին, մեր օրակարգին և քաղաքական երկխոսությանը։


 


Մեծ հաճույքով և՛ ես, և՛ իմ բարեկամը հիշել և կարևորել ենք Բեռնում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը։ Եթե կհիշեք, ես պատիվ ունեի մասնակցելու, երկուսով միասին մասնակցեցինք պաշտոնական բացման արարողությանը։


 


Վստահ ենք, որ դեսպանությունը, ինչպես և ընդհանրապես մեր այսօրվա մտածելակերպը և առաջնահերթությունները կօգնեն զարգացնել հատկապես մեր տնտեսական հարաբերությունները։ Երկուսս էլ կարծում ենք, որ այստեղ մեծ պոտենցիալ կա։ Արդեն եղել են քայլեր. կհիշենք հունիսին տեղի ունեցած բիզնես հանդիպումները, և հիմա պետք է ջանքեր գործադրենք դրանք շարունակելու ուղղությամբ։


 


Այո, գնահատում ենք նաև Շվեյցարիայի Համադաշնության կողմից բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Քչերը, երևի, գիտեն, և ես կուզեի ասել, որ, օրինակ, այդպիսի ուղղություններ են անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում, ժողովրդավարության ինստիտուտները և մասնակցային քաղաքականությունը, կայուն ներառական աճը լեռնային Հայաստանում։ Այսպիսի հարցերի շուրջ ենք համագործակցել, որոնք, չգիտեմ, մեր շատ քաղաքականացված հանրությանը երբեմն այդքան չեն հետաքրքրում, քանզի դրանք միջազգային սկանդալներից անդին են։


 


Մեկ անգամ էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել, հարգելի՛ Իգնասիո»:


 


Մամուլի համար նախարարների հայտարարություններին հաջորդել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցուպատասխան:

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment