Ծավի ջրի որակի վերաբերյալ առաջիկայում սպառիչ պատասխան կներկայացվի․ Անահիտ Ավանեսյան

Iravaban.net–ի փոխանցմամբ՝  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցում անդրադարձել է Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրի որակի խնդրին՝ նշելով, որ այս պահին կրկնակի փորձաքննություն է իրականացվում։

Նրա խոսքով՝ փորձանմուշներն ուղարկվել են նաև այլ երկրներ՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների համադրելիությունն ապահովելու համար։ Նախարարը նշել է, որ առաջիկայում այս հարցի վերաբերյալ հանրությանը կներկայացվի սպառիչ պատասխան։

Ավանեսյանի խոսքով՝ որևէ շեղում հայտնաբերելու դեպքում նախատեսված են հետագա քայլեր՝ դրա առկայությունը հաստատելու կամ բացառելու, ինչպես նաև շեղման չափը հստակեցնելու համար։ Մինչև վերջնական արդյունքների ստացումը, նրա խոսքով, անհրաժեշտ է առավել զգուշավորություն ցուցաբերել։

Նախարարը նշել է, որ ջրի մատակարարումն ապահովված է, և բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու մատակարարվող ջրից։ Միաժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համոզվել՝ ջրի որակը համապատասխանում է սահմանված նորմերին։

«Ջրի մատակարարումն ապահովված է, քաղաքացիներն ունեն հնարավորություն՝ տրամադրվող ջրից օգտվելու։ Համայնքն այդ գործն իրականացնում է։ Բնակիչներ կան, որ չեն հետևում [պահանջներին], բայց շեղման տոկոսներն էլ այնպիսին են, և նաև մեր փորձաքննությունների հիման վրա բան չենք տեսնում։

Այնուամենայնիվ, մենք պետք է առավել զգուշավորություն դրսևորենք, վստահ լինենք, որ մաքուր է, համապատասխանում է մեր նորմատիվներին»,- ասել է Ավանեսյանը։

Leave a Comment