Հոկտեմբերի 14-15-ը Երևանում անցկացվել է «Կանաչ օրակարգը՝ ի շահ ընտրողների և համայնքների․ խորհրդարանական երկխոսություն կլիմայի և բնության պահպանության շուրջ» խորագրով միջազգային համաժողովը։
Երկօրյա քննարկումները նվիրված էին կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարմանն ուղղված օրենսդրական, ֆինանսական և քաղաքական գործիքներին։
Համաժողովի փակման արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը։ Նա շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և կազմակերպիչներին՝ ակտիվ ներգրավվածության ու բովանդակալից քննարկումների համար՝ ընդգծելով կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի մարտահրավերներին դիմակայելու գործում միջազգային համագործակցության կարևորությունը։
«Կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի մարտահրավերները չեն ճանաչում սահմաններ և չեն կարող լուծվել մեկ երկրի, մեկ ինստիտուտի կամ մեկ ոլորտի կողմից առանձին գործողություններով։ Դրանք պահանջում են համագործակցություն, նորարարություն և ամենակարևորը՝ քաղաքական կամք»,- նշել է Դավիթ Համբարյանը։
Նրա խոսքով ճիշտ քաղաքականությունների, արդյունավետ կառավարման և համապատասխան ֆինանսական գործիքների կիրառման դեպքում բնության պահպանությունն ու տնտեսական զարգացումը կարող են փոխադարձաբար ուժեղացնել միմյանց։ Նա կարևորել է նաև տարբեր երկրների խորհրդարանականների փորձի փոխանակումը՝ համայնքների զարգացման և բնապահպանական նպատակների համատեղ իրականացման տեսանկյունից։
Անդրադառնալով Հայաստանի ստանձնած պատասխանատվությանը՝ Դավիթ Համբարյանն ընդգծել է առաջիկա COP17 համաժողովի նշանակությունը՝ նշելով, որ խորհրդարանները կարևոր դեր ունեն բնապահպանական քաղաքականության ձևավորման, հանրային վերահսկողության և ֆինանսական հաշվետվողականության ապահովման գործում։
Ելույթի ավարտին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին, փորձագետներին և ՄԱԶԾ-ի խորհրդարանական ծրագրին՝ արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով, որ համաժողովի ընթացքում ձևավորված գաղափարները վերածվեն գործնական արդյունքների՝ հանուն կայուն և կանաչ ապագայի։
Համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկումներին մասնակցել ու հարցուպատասխանի ձևաչափով օրակարգային հարցերին է անդրադարձել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծովինար Վարդանյանը։
Միջոցառումն անցկացվում է Կլիմայի խորհրդարանի (Climate Parliament), ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) համատեղ նախաձեռնությամբ։ ՀՀ ԱԺ խորհրդարանականների մասնակցությանն աջակցել է ՄԱԶԾ-ի՝ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագիրը, որն իրականացվում է Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի կառավարությունների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի օժանդակությամբ:
Կարդացել են
0 անգամ