Կենսաբազմազանության պահպանության հարցում երկրների հավակնությունների և իրական գործողությունների միջև բացը պահպանվում է, COP17-ի շրջանակներում Երևանում կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ավելացնել բնության պահպանության ֆինանսավորումը, վերացնել վնասակար խթաններն ու սուբսիդիաները և կենսաբազմազանության պաշտպանությունը ներառել պետական որոշումների հիմքում։
Նա դրական է գնահատել այն, որ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի գրեթե 90 տոկոսը սահմանել է ազգային թիրախներ։ Միաժամանակ, նրա խոսքով, արձանագրված առաջընթացը դեռ բավարար չէ սահմանված նպատակներին հասնելու համար։
«Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել։ Եվ մենք դեռ տեսնում ենք երեք գլոբալ ճգնաժամերի՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման շատ ծանր հետևանքները։ Դրանք բոլորը փոխկապակցված են»,– նշել է Գուտերեշը։ Նա կոչ է արել դադարեցնել վնասակար սուբսիդիաները, ամրապնդել սոցիալական պաշտպանության միջոցառումները և ծախսերն ուղղել բնության համար դրական արդյունքներ ապահովող ծրագրերին։