Երևանի Մոլդովական փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 6 տարեկան տղայի մահվան դեպքի առնչությամբ քրեական վարույթ է սկսվել։ Իրավապահները ձերբակալել են «Lexus» մակնիշի մեքենայի վարորդին։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, գրում է Sputnik Արմենիան:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ 1 անձ ձերբակալվել է»,– տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հոկտեմբերի 14-ին Մոլդովական փողոցում ինքնագլորի և ավտոմեքենայի բախման հետևանքով 6 տարեկան տղա է մահացել. «Lexus»-ի վարորդը տղային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել երեխայի կյանքը։