Կանադայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք կսահմանվի

Հայաստանի կառավարությունն առաջարկում է Կանադայում ՀՀ դեսպանությանը կից սահմանել ռազմական կցորդի հաստիք, որը կհամատեղի ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդը։ Նախագծով նախատեսվում է, որ ռազմական կցորդն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2027 թվականի հունվարի 1-ից՝ Կանադայի կողմից անհրաժեշտ համաձայնության և հավատարմագրման ընթացակարգերի ավարտից հետո։

Iravaban.net–ը ուսումնասիրել է Կառավարության որոշման նախագիծն ու դրա հիմնավորումը։

Ինչո՞ւ է անհրաժեշտ ռազմական կցորդ ունենալ Կանադայում

Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Կանադայի միջև առկա են քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական համագործակցություն և բազմակողմ հարթակներում փոխգործակցություն։ Հայկական կողմը նպատակ ունի ընդլայնել նաև պաշտպանական և ռազմատեխնիկական համագործակցությունը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Կանադայի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության խորացումը կարող է նպաստել Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը։ Կանադան դիտարկվում է նաև որպես Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության կարևոր գործընկեր։

Ի՞նչ գործառույթներ կունենա ռազմական կցորդը

Կանադայում հավատարմագրված ռազմական կցորդը պետք է կապեր հաստատի և զարգացնի երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև, հետևի համագործակցության ծրագրերի իրականացմանը և աջակցի պաշտոնական պատվիրակությունների այցերի կազմակերպմանը։

Նախագծի հիմնավորմամբ՝ նրա գործառույթները ներառելու են նաև՝

  • պաշտպանական և ռազմաքաղաքական համագործակցության զարգացումը,
  • ռազմական միջոցառումներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածության ապահովումը,
  • զորահանդեսներին, զորավարժություններին և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին մասնակցության հարցերով աշխատանքը,
  • ռազմաուսումնական հաստատություններ և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ այցելությունները,
  • ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը։

Հիմնավորման համաձայն՝ ռազմական կցորդը կարող է նաև աջակցել հրահանգիչների պատրաստության, միջազգային խաղաղապահ առաքելությունների, ռազմական կրթության, ռազմական բժշկության, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության և հակակոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ փորձի փոխանակմանը։

Ո՞վ է իրականացնելու այդ աշխատանքը

Նախագծով Կանադայում ռազմական կցորդի հաստիքը նախատեսվում է համատեղել ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդի կողմից։ Այսինքն՝ առանձին նոր հաստիք ավելացնելու փոխարեն նախատեսվում է օգտագործել գործող ռազմական կցորդի հնարավորությունները։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ հաստիքների առավելագույն թվաքանակը չի փոխվի։

Ե՞րբ կսկսի գործել որոշումը

Նախագծով նախատեսվում է, որ ռազմական կցորդն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Դա պայմանավորված է Կանադայի արտաքին գործերի նախարարությանը նշանակման մասին ծանուցելու, հավատարմագրման ընթացակարգն անցնելու և նշանակման համար անհրաժեշտ համաձայնությունը ստանալու հանգամանքներով։

Որքա՞ն գումար կհատկացվի

Նախագծի համաձայն՝ այն չի հանգեցնի 2026 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության։

Ռազմական կցորդի պահպանման ծախսերը նախատեսվում է կատարել 2027 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներից՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվող ընդհանուր միջոցների շրջանակում։

Մասնավորապես, ծախսերը նախատեսվում է իրականացնել 2027 թվականի պետական բյուջեի «Միջազգային ռազմական համագործակցություն» ծրագրի՝ «ՀՀ ռազմական կցորդների և ներկայացուցիչների պահպանում» միջոցառման շրջանակում։

Նախագծում ծախսերի կոնկրետ չափը նշված չէ։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ Կանադայում ռազմական կցորդի առկայությունը կնպաստի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև կապերի ամրապնդմանը, համագործակցության ծրագրերի համակարգմանը և ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը։

Որոշման ընդունման դեպքում Կանադայում ՀՀ դեսպանությանը կից կգործի Հայաստանի ռազմական կցորդը, որի գործունեությունը նախատեսվում է իրականացնել ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդի կողմից համատեղման սկզբունքով,-տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment