Հայաստանը և Վրաստանը խորացնում են գործակցությունը դատական փորձաքննության ոլորտում

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի հրավերով 2026 թվականի հոկտեմբերի 11–14-ը Հայաստանում է գտնվել Վրաստանի Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյի տնօրեն Գիորգի Մուրվանիձեի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև Դատական փորձաքննության ազգային բյուրոյի տնօրենի տեղակալ Ռոլանդ Մախմուդովը։

Այցի նպատակն էր ամրապնդել երկու երկրների դատափորձագիտական կառույցների միջև մասնագիտական կապերը, զարգացնել երկկողմ համագործակցությունը և նախանշել համատեղ աշխատանքի նոր ուղղություններ։

Այցի շրջանակում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը և Վրաստանի Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյի տնօրեն Գիորգի Մուրվանիձեն ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր։

Հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծում մասնագիտական փորձի, գիտական և մեթոդական նյութերի, մասնագիտական գրականության ու փորձաքննությունների իրականացման մեթոդիկաների փոխանակման համար։ Համագործակցության կարևոր ուղղություններից են նաև մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացումը, համատեղ վերապատրաստումների, դասընթացների, սեմինարների և աշխատաժողովների կազմակերպումը, ինչպես նաև գիտական հետազոտությունների իրականացմանն աջակցությունը։

Այցի շրջանակում Վրաստանի պատվիրակությունը շրջայց է կատարել Կենտրոնում՝ ծանոթանալով իրականացվող փորձաքննությունների տեսակներին, կիրառվող մեթոդներին և առկա սարքավորումներին։

Հայաստանի և Վրաստանի փորձագիտական կառույցների միջև համագործակցության զարգացումը կարևոր նշանակություն ունի մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման, փորձագիտական կարողությունների կատարելագործման ու ոլորտի զարգացման համար։

Leave a Comment