Նոյեմբերին ամերիկյան The Criterion Collection-ը կթողարկի Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» և Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» (որում գլխավոր դերում հանդես է գալիս Շառլ Ազնավուրը) ֆիլմերի վերականգնված տարբերակները։ Երկու ֆիլմն էլ հասանելի կլինեն 4K UHD և Blu-ray ձևաչափերով՝ ներառելով 4K որակով նոր վերականգնված պատկերներ և բազմազան հավելյալ նյութեր, հայտնել է ընկերության կայքը։
«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 17-ին։ Վերականգնման աշխատանքներն իրականացրել է The Film Foundation-ի «Համաշխարհային կինոյի նախագիծը» (World Cinema Project)՝ Բոլոնիայի կինոտեկայի (Cineteca di Bologna) հետ համագործակցությամբ։ Թողարկումը ներառում է Մարտին Սկորսեզեի ներածական խոսքը, կինոպատմաբան Ջոշուա Ֆերսթի մեկնաբանությունները, հարցազրույց դերասանուհի Լարիսա Կադոչնիկովայի հետ, ինչպես նաև Ալի Խամրաևի «Փարաջանովի յասամանե քամին» վավերագրական ֆիլմը։ Դրանում տեղ է գտել նաև Մարտիրոս Վարդանովի «Շադոուսուր» (Shadowsur, 2026) փորձարարական կարճամետրաժ ֆիլմը։
1965 թվականին թողարկված այս ֆիլմը հիմնված է ուկրաինացի գրող Միխայլո Կոցյուբինսկու վիպակի վրա, որն առաջին անգամ հրատարակվել է 1911 թվականին։ Պատմության կենտրոնում Իվանն է՝ հուցուլ երիտասարդը։ Մարիչկայի հանդեպ նրա սերը բարդանում է ընտանիքների միջև առկա վաղեմի թշնամանքի պատճառով, իսկ Մարիչկայի ողբերգական մահից հետո Իվանը փորձում է նոր կյանք սկսել։
Օպերատոր Յուրի Իլյենկոն օգտագործել է շարժական տեսախցիկ, վառ գույներ և ոչ սովորական դիտանկյուններ՝ փոխանցելու համար Կարպատյան լեռների մթնոլորտն ու հուցուլ ժողովրդի ավանդույթները։ Ֆիլմի գեղարվեստական լեզվի մեջ միահյուսված են բանահյուսությունը, ծեսերն ու Միրոսլավ Սկորիկի երաժշտությունը։ The Criterion Collection-ը այն բնորոշում է որպես «միֆոպոետիկ արվեստի գործ»։
«Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմը կթողարկվի նոյեմբերի 10-ին։ 1960 թվականի այս կինոնկարում Ազնավուրը մարմնավորում է Էդուարդ Սարոյանին՝ ամաչկոտ դաշնակահարի, ով ելույթ է ունենում փոքրիկ կաբարեում՝ Չարլի Ֆիլմը հիմնված է ամերիկացի հեղինակ Դեյվիդ Գուդիսի վեպի վրա։
Ըստ Criterion-ի՝ ֆրանսիական «նոր ալիքի»՝ առանցքային դեմքերից մեկը՝ Ֆրանսուա Տրյուֆոն, «ֆիլմ նուար»-ին (film noir) բնորոշ ճակատագրապաշտությունը միահյուսել է «նոր ալիք»-ի յուրահատուկ ոճին։ Այս նոր հրատարակությունը ներառում է 4K ձևաչափով վերականգնված տարբերակը՝ ուղեկցված բնօրինակ մոնոֆոնիկ ձայնային ուղով։ Հավելյալ նյութերի շարքում են Ազնավուրի, կինոօպերատոր Ռաուլ Կուտարի և դերասանուհի Մարի Դյուբուայի հետ հարցազրույցները, ինչպես նաև Տրյուֆոյի արխիվային հարցազրույցները և աուդիոէսսե՝ նվիրված Ժորժ Դելերյուի երաժշտությանը։
Ընկերության նոյեմբերյան ցանկում ընդգրկված են նաև «Հարոլդ և Մոդ», «Քեյ-փոփ. Դևերի որսորդները», «Մարի Անտուանետ», «Վայրենին սրտում», «Ճիշտ ընտրություն» և «Կապույտ տառեղ» ֆիլմերը։
Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թբիլիսիում, իսկ մահացել՝ 1990 թվականին Երևանում։ Նա միջազգային ճանաչում է ձեռք բերել «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի շնորհիվ։ Ռեժիսորը հայտնի է նաև «Նռան գույնը» ֆիլմով, որը նվիրված է հայ բանաստեղծ Սայաթ-Նովային։ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը ցուցադրվել է 2023 թվականի Վենետիկի կինոփառատոնում։
Ազնավուրը ծնվել է Փարիզում՝ հայ ներգաղթյալների ընտանիքում։ Թեև նա հիմնականում հայտնի է որպես երգիչ և երգահան, սակայն նկարահանվել է նաև ավելի քան 60 ֆիլմում։ 2009 թվականին Ազնավուրը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում՝ երկրի մշտական ներկայացուցիչ։
