Ես գիտեմ, որ COP17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, իսկ Ադրբեջանի մասով, այս պահի դրությամբ, հաստատման տեղեկատվություն ինձ չի հասել, այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների այն հայտարարություններին, թե լայնամասշտաբ այդ միջոցառման ծախսերը հիմնավորված չեն, նա նկատեց.
«Որտեղ փող է ծախսվում՝ այնտեղ միշտ էլ կոռուպցիոն ռիսկ կա, և մեր խնդիրը կոռուպցիոն ռիսկերը կառավարելն է։ Այսինքն՝դրա համար կան օղակներ, վերահսկող մարմիններ, էլ չեմ ասում, որ կառավարությունը որոշումներ կայացնելիս այս բոլոր ռիսկերը հաշվի է առել և ստեղծել է ընթացակարգեր՝ ՄԱԿ-ի ընթացակարգերի շրջանակներում։
Ըստ նրա՝ հարցն այն է, թե որքանով էր նպատակահարմար այս միջոցառումը ՀՀ-ում անցկացնելը։
«Կարծում եմ՝ սա շատ կարևոր ներդրում է ՀՀ զարգացման գործում։ Տասնյակ հազարավոր փոքր և միջին ընկերություններ գումար վաստակալելու հնարավորություն են ստանում»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ COP17-ի շրջանակում հոկտեմբերին ավելի քան 15 հազար մարդ է գալու ՀՀ , որով ՀՀ ճանաչելիությունն է բարձրացվելու։
«Համոզված ենք, որ ծախսված ամեն լումա ի վերջո մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպան և վերադառնալու է ՀՀ պետական բյուջե»։