Շնորհավո՛ր ծնունդդ, գեներալ. այսօր Բաքվի բանտում պատանդառված Դավիթ Մանուկյանի տարեդարձն է

Այսօր գեներալ-մայոր, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է։

Ռազմական գործիչ, որն իր ողջ գիտակից կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը։ Ինքս ականատես եմ եղել, թե ինչպես է գեներալն Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զենքը ձեռքին առաջնորդում տղաներին։ Դավիթ Մանուկյանն իսկապես ֆանտաստիկ գեներալ է։

եվ արդեն ավելի քան երեք տարի է՝ գեներալը գերության մեջ է։ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Դավիթ Մանուկյանն ապօրինաբար կալանավորվեց՝ Ռուբեն Վարդանյանի հետ Հակարիի կամուրջը անցնելու ժամանակ։

Եվ այսօր, Դավիթ Մանուկյանի ծննդյան օրը շնորհավորելուց զատ՝ պարտավոր ենք կրկին բարձրաձայնել նրա և Բաքվում պահվող մյուս հայ գերիների ազատ արձակման հրամայականի մասին։

Գեներալը, որը մշտապես պաշտպանել է մեզ ու հայրենիքը, այսօր ինքն ունի մեր պաշտպանության, միասնական ձայնի ու պայքարի կարիքը։

Ցավոք, ունենք մի իրականություն, երբ Բաքուն կեղծում է ողջ դատական գործընթացը, իսկ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ։

Եվ անգամ այս պայմաններում Դավիթ Մանուկյանն ու մյուս հայորդիները Բաքվի դատարանից իրենց աննկուն կեցվածքով արժանապատվության դասեր են տալիս բոլորիս։

Շնորհավո՛ր ծնունդդ, գեներալ։ Կգա այն օրը, երբ ծննդյանդ օրը կդիմավորես ազատության մեջ՝ հայրենի հողում, ընտանիքիդ կողքին։

Ազատությո՛ւն Դավիթ Մանուկյանին և Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին։

Գառնիկ Դանիելյան, Աժ նախկին պատգամավոր

Leave a Comment