«Երևան․ քաղաք և պատմություն»․ Երևանի պատմության թանգարանի 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով․ «Հայագիտակ»

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում օրերս կայացած միջազգային գիտաժողովը յուրօրինակ ամփոփումն էր Երևանի պատմության թանգարանի հիմնադրման 95-ամյակին նվիրված միջոցառումների շարքի։

Թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը ներկայացրեց գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները, որին մասնակցում էին հյուրեր տարբեր երկրներից։ Զեկուցողներն անդրադարձան Երևանի պատմությանը, ինչպես նաև մեր մշակույթի զարգացման գործում նրա ունեցած դերին ու նշանակությանը, հատկապես՝ խորհրդային շրջանում։

Թանգարանի կարևորագույն գործառույթներից է հնագիտական նյութերի միջոցով ներկայացնել Երևանի պատմությունը՝ հիմնվելով ոչ միայն Էրեբունու, այլև 5000-ամյա պատմություն ունեցող Շենգավիթի, Կարմիր բլուրի, Հրազդան գետի կիրճի և հնագույն այլ բնակավայրերի հնագիտական վկայությունների վրա։

Երևանի պատմության թանգարանը համագործակցում է արտերկրի տարբեր թանգարանների հետ։ Մասնավորապես՝ ցուցահանդեսներ են բացվել Չինաստանի Շանսի, Հեբեյ և Շանդուն քաղաքներում, որտեղ չափազանց մեծ է հետաքրքրությունը հայկական մշակույթի նկատմամբ։

Թանգարանի տնօրենի փոխանցմամբ՝ գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումները կհրատարակվեն առանձին գրքով։ Բացի այդ, արդեն տպագրվել է պատկերագիրք (ալբոմ), որը 95 ցուցանմուշի միջոցով ներկայացնում է թանգարանի 95-ամյա պատմությունը։

Leave a Comment